Ինչպես ճիշտ խնամել մաշկը. «ձմեռային» խորհուրդներ

Ինչպես մաքրել մաշկը

Մաշկի բնական պաշտպանիչ շերտը չփչացնելու համար ձմռանն օգտագործեք դեմքը թեթև մաքրող միջոցներ։ Խորհուրդ չի տրվում լվացվել շատ տաք ջրով։ Ջուրը պետք է լինի միջին ջերմաստիճանի։

Հնարավորինս նվազեցրեք խորը մաքրող սկրաբերի, սպիրտ պարունակող քսուկների օգտագործումը։ Դա կօգնի չչորացնել մաշկը, որն արդեն իսկ ցուրտ եղանակին խոնավացման կարիք ունի։

Ապահովեք մաշկի խոնավությունը

Խոնավացնող քսուկներից բացի, ձմռանը արժե օգտագործել հիալուրոնաթթվով, կերամիդներով, ազուլենով կամ վիտամին C-ով շիճուկներ։ Այս բոլոր բաղադրիչները կարող են հավելյալ խոնավություն տալ մաշկին` ազատելով թեփուկներից և գրգռվածությունից, ինչպես նաև խթանել կոլագենի արտադրությունը և մաշկը պաշտպանել շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունից: Պետք է հիշել նաև, որ թեթև խոնավացնող քսուկն իդեալական է ամռան համար, իսկ ձմռանը խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ ավելի խիտ և խորը խոնավացնող միջոցներին։

Մի՛ մոռացեք արևից պաշտպանվելու մասին

Մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող քսուկների օգտագործումը կարևոր է ոչ միայն ամռանը, այլև ձմռանը։ Արևապաշտպան քսուկները պետք է քսել մաշկի բոլոր այն հատվածներին, որոնք բաց են մնում։

Քսուկներն օգտագործեք օրվա ընթացքում մի քանի անգամ

Եթե դուք առավոտյան դեմքը խոնավացրել եք, բայց օրվա ընթացքում նորից չորություն եք զգում, անհրաժեշտ է կրկին խոնավացնող միջոց քսել։ Նմանատիպ քսուկները պետք չէ խնայողաբար օգտագործել, որովհետև հենց մաշկի ճիշտ խնամքն է ձեզ երիտասարդ ու գեղեցիկ պահում։

Like this post? Please share to your friends: