«Թանկանոց տոնածառը նման է վարկով Նոր տարի անելու հոգեբանությանը». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որպեսզի տարբեր քննարկումներում նույն բանը չկրկնեմ, պատասխանեմ մի տեղ ու մեկ անգամ`
1. Տոնածառը ամեն տարի 20-30 օրվա համար է, ու, իրոք, տեղին է քննարկել՝ դրա համար 71 միլիոն դրամը ամենաիմաստավորված ծախսն է, թե ոչ:
2. Իմ կարծիքով՝ ոչ. եթե հարցն աչք հոգնացնելն է, ապա այս տոնածառից էլ ենք հոգնած լինելու հաջորդ տարի, այն մյուս տարի, որովհետև այն մեկ անգամ արդեն տեսած ենք լինելու:
3. Դեռ ոնց որ թե չենք գիտակցում, որ Հայաստանը շարունակում է մարդաթափվել. այս տարի Տավուշի ու Լոռու մարզերում մահերը գերազանցել են ծնունդներին: Դեռ չենք հասկանում, որ տարիներ անց ժողովրդագրական աղետը ձնագնդիկի էֆեկտ է ունենալու, ու դրա կանգնացնելը շատ ավելի թանկ ծախս է ենթադրելու` քան 71 միլիոնը: Զվարթնոց օդանավակայանից ու Բագրատաշեն-Բավրա անցակետերից ավելի լավ է հեռացող մի քանի տասնյակ ընտանիքների ետ պահենք, որ Հայաստանում մնան: Ավելի լավ չէ՞:
4. Կասեք՝ դա Երևանի բյուջեն է, հո մարզերի վրա չի ծախսվելու: Էդ դեպքում էդ Հայաստանի համաչափ զարգացման քաղաքականության մասին խոսելն ի՞նչ թիթիզություն է…
5. Լևոն Բարսեղյանը լավ առաջարկ էր արել` Հայաստանի քաղաքաների տոնածառները փոխանակել: Աչքներդ հոգնել է, այս տարի էլ թող Գյումրիում Երևանի տոնածառը դնեն, Երևանում՝ Գյումրիինը:
6. Երևանում հազար ու մի կենսական հարց կա, որոնք մարդկանց ամենօրյա հարմարավետությանը, կենցաղին է վերաբերում: Եթե կարծում եք, որ, օրինակ, բնակֆոնդի վթարայնության գնահատումը, շենքերի ամրացոմն ավելի քիչ կարևոր է քաղաքի համար, քան պայծառ տոնածառ տեսած մեր մանուկների ուրախ աչուկները, սխալվում եք: Երկարաշարժ, անվտանգություն, տեխնոլոգիական աղետներ… Չէ, չենք լսել…. վերելակային տնտեսության, քաղաքում ավտոկայանատեղիների /ոչ ամենևին փողոցների երկայնքով/ մասին չասեմ /ականջդ կանչեմ Յորք ջան, որ գողտրիկ ավտոկայանատեղիներ ունեիր/ ու մյուս բաների մասին չասեմ…
7. Տասնամյակներով Հայաստանի ու Երևանի իշխանությունները հիմնականում խուսափել են քաղաքի ֆունդամենտալ խնդիրներ լուծելուց. դեհ, կոսմետիկան, ֆասադները, շլացնող լույսերը ավելի տեսանելի են եղել, ավելի մեծ գովազդ են եղել իշխանությունների համար, քան լայն գովազդի առարկա չհանդիսացող որևէ բան: Դա ճանապարհային ենթակառուցվածքներն են /այստեղ գոնե ինչ-որ բան արել են, որ գոնե իրենց ավտոներն ու ավտոշարասյուները հանգիստ երթևեկեն, բնակֆոնդն է, տրանսպորտն է և այլն/: Ես պատկերացնում եմ, որ իշխանությունն այլևս հարկադված է այդպիսի ծանր խնդիրներ դնել իր օրակարգում ու սկսել աստիճանաբար լուծել: Ոչ մեկս միամիտ չենք, որ մտածենք, թե դրանք բոլոր 4 տարում լուծվելու են: Բայց երբ տեսնում ես, որ խնդիրը օրակարգում է, ապա հույս ու հավատ ես ստանում, որ միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով դա լուծվելու է:
8. Թանկանոց տոնածառը նման է վարկով նոր տարի անելու հոգեբանությանը: Ես, իմ ընտանիքում, օրինակ, երբեք դա չեն արել ու չենք անի. կնշենք այնքան, որքան ունենք, ոչ թե մյուսներից չտարբերվելու համար վարկ կվերցնենք, ու հետո ճռռալով հետ կտանք… Հիմա քաղաքի խնդիրներն են. ինձ ծանոթ հոգեբանության ու տրամաբանության շրջանակներում ես կանեմ այն, ինչը առաջնահերթ է:
9. 21-րդ դարն է, հազար ու մի լուծում կա օրիգինալ Նոր տարի անելու ու ոչ միայն Հայաստանին, այլ աշխարհին հիացնելու ու զարմացնելու համար: Մի քիչ կրեատիվ է պետք լինել:

 

Աղբյուր՝ Մամուլ.am

Like this post? Please share to your friends: