Երկրաշարժից 30 տարի անց. Մայրն իր արյունով փրկեց

Մարիամը գրեթե երկրաշարժի տարիքին է, ավելի հստակ մի քանի ամիս մեծ, 1988-ի օգոստոսին է ծնվել։ Ամռանը նրա 30-ամյակը մեծ շուքով են նշել, այսօր նա պահանջված մասնագետ է:

Գյումրիում Մարիամը մոր՝ Էմմայի հետ ավելի քան յոթ օր փլատակներում է մնացել, ապրել է մոր արյունով սնվելու արդյունքում։ Նրանց պատմությամբ հետաքրքրվել ու առավել ակտիվ լուսաբանել են արտասահմանյան, ռուսական լրատվամիջոցները։ Էմմա Հակոբյանն աշխատել է Լենինականի թիվ 2 դպրոցում որպես անգլերենի ուսուցչուհի, թիվ 32 դպրոցում որպես փոխտնօրեն, «Շիրակ» հեռուստաընկերությունում որպես խմբագիր… Հիմա ընտանիքն ապրում է Երևանում։

Գյումրու Սվետլովի անվան փողոցի թիվ 111 շենքի փլատակներից, որ 3 մուտք ուներ ու հինգհարկանի էր, չորս մարդ էր փրկվել։ Ճոճքի ժամանակ երեխային գրկած 25-ամյա կնոջը չի հաջողվել դուրս փախչել։ Մայր ու դուստր իրար գրկած մնացել են պանելի տակ։

«Մի ոտքս անշարժացած էր, քարի տակ էր մնացել, երեխայի ու պանելի մեջտեղում մի ձեռքս եմ դրել։ Երեխան մնացել էր երկու շապիկով, մի ձեռքս էլ դրել էի թոքերին, որ չմրսի։ Այդ ժամանակ Մարիամը մոտ երեք ու կես ամսական էր։ Դեկտեմբերի 12-ին դարձավ չորս ամսական, դեկտեմբերի 14-ին մեզ փլատակներից հանեցին։ 7 օր 6 ժամ 40 րոպե մնացել ենք պանելների տակ։ Երբ դուրս եկա, մազերս ամբողջությամբ սպիտակած էին»,-Panorama.am-ին պատմեց Էմմա Հակոբյանը։

Փլատակներում գիշերն ու ցերեկը չէին տարբերվում, մութ էր։ Թե ինչքան է մնացել ավիրված տան քարերի տակ, իմացել է ավելի ուշ։ Երեք օր կրծքով կերակրելուց հետո մայրը զգում է, որ երեխան չի հագենում, ջրի պահանջ ունի, բերանը ճպճպացնում է։ Ասում է՝ երկրաշարժի նախօրեին մի ուշագրավ դեպք է պատահել։ Դեկտեմբերի 6-ի երեկոյան, երբ ավարտել էին տան վերանորոգումը, կախում էր վարագույրը, աչքն ընկնում է պահարանի վրա դրված թերթերին, որոշում է դասավորել, անպետքները մի կողմ նետել։

«Ձեռքս ընկավ անգլալեզու մի հին թերթ, որ ուսանողական տարիներին էի  կարդացել։ Այնտեղ գրված էր, որ մարդիկ մեկ ամիս շարունակ ձիու արյունով կարողացել են անմարդաբնակ կղզում ապրել, արյունով լրացնել ջրի պահանջը։ Փլատակներում ես այդ տողերը հիշեցի։ Ի՞նչն էր շատ, ապակին։ Ձեռքս գցեցի, մի կերպ ապակու կտոր վերցրեցի,  մատս ճղեցի։ Դա նաև բնազդաբար, մեխանիկորեն արված քայլ էր, մտածում էի միայն երեխային փրկելու մասին։ Ես ոչ մի հերոսություն չեմ արել, ընդամենը փրկել եմ իմ երեխային, ցանկացած մայր այդպես կվարվի»,-տեղի ունեցածը հիշում ու գնահատում է տիկին Էմման։

Տիկին Էմման ցույց է տալիս, թե որ մատն էր կտրել։

Պատահածից 30 տարի անց հոգեբանական խնդիրը հաղթահարել չի ստացվում։
«Եթե ես այդ պահին ջուր ուզեմ ու չլինի, չկարողանամ խմել, կխելագարվեմ։ Ինձ թվում է, որ էլ ջուր չի լինելու, ես ծարավից կմահանամ»,-պատմում է նա։

Փոքրիկ անցքով աղջնակին փլատակներից դուրս բերելուց հետո տեղափոխում են Երևան հիվանդանոց։ Բժիշկները կատարվածը հրաշք են որակում, մոր գրկում ապաստանած երեխայի վրա որևէ քերծվածք չի եղել։ Վեց ժամ հետո միայն կարողացել են մորը փրկել, կրկին  հրաշքով ջարդված պանելը չի ընկել տիկին Էմմայի գլխին։

1989 թվականի փետրվարին Վազգեն Ա-ն  Էմմա Հակոբյանին  որդու և դստեր հետ հրավիրել է Վեհարան։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Սիլվա Կապուտիկյանն իր թոռնուհու հետ։

Խաչատրյանների ընտանիքում մինչ Մարիամի լույս աշխարհ գալը, մահացել էր նրանց  ավագ դուստրը։ Ծնվելուց օրեր անց մահացել էր նաև Մարիամի երկվորյակ եղբայրը։
«Ամբողջ կյանքում երազել էի աղջիկ ունենալ։ Երկվորյակ ծնվեց։ Աղջիկս՝ Մարիամը շատ ծանր վիճակում էր, նրան ապրելու հույս չէին տալիս։ Եղբայրը, որ ավելի առողջ էր ու ավել քաշով, մահացավ, Մարիամն ապրեց։ Պետք է ապրեր»,- ասում է նա։

Ընտանիքի ավագ որդին, որ 88-ին վեց տարեկան էր, աղետի պահին եղել է մանկապարտեզում։ Աշխատավայրում գտնվող հայրն առաջին հերթին որդու մոտ է շտապել, տեսել է մանկապարտեզի շենքը կանգուն է։ Երեխային վերցրել է, տուն շտապել։ Տունը չկար։

Դժվարությունների միջով անցած կինը բոլորին ու հատկապես կանանց, մայրերին հորդորում է չնահանջել, երեխաներից չհրաժարվել որևէ պարագայում։

«Երեխայի հետ մոր կապը երբեք չպետք է խզվի։ Պետք է գիտակցել, որ ամեն վիճակից ելք կա։ Երբեք չպետք է հուսահատվել, պետք է համբերատար լինել։ Լավատեսություն է պետք»,-նշում է նա։

Գյումրեցի կնոջը  մտահոգում է քաղաքի այսօրվա վիճակը, 30 տարի անց քաղաքում բազմաթիվ տնակներ կան, աղքատությունը մեծ է, արդեն երրորդ սերունդն է ամուսնանում այդ պայմաններում.

«Ես շատ կուզեի վերադառնալ Գյումրի։ Ամենակարևորը չկա, աշխատանք չկա։ Չնայած հիմա Երևանում են իմ տղան, հարսը, թոռնիկները։ Նրանցից հեռու էլ չեմ կարող ապրել»։

Տիկին Էմման նեղացած է նախկին իշխանություններից, իր ընտանիքի անդամները բարձր ընդունելությունների են արժանացել  տարբեր երկրներում, ասում է՝ Ֆրանսիայում իրենց թոշակ ու բնակարան են առաջարկել, հրաժարվել են։ Այստեղ բարձրագույն կրթությամբ մոր և դստեր համար աշխատանք էին խնդրել, իշխանության ներկայացուցիչներին ուղղված նամակներն անպատասխան են մնացել։

 

Աղբյուր` Panorama.am
Like this post? Please share to your friends: