Ռոբերտ Քոչարյանը վաղը ազա՞տ է արձակվելու

Իրավիճակը, որ ստեղծվել է ՍԴ-ի շուրջ, ավելի վտանգավոր և լարված է դառնում:

Քոչարյանի գործով ՍԴ որոշումը ոչ միայն հարցի լուծման ուղի չդարձավ, այլ ավելի խճճեց իրավիճակը։ Հանրության մեջ և իրավաբանական հանրույթում բանավեճը չի դադարում Քոչարյանին ազատ արձակելու հարցի շուրջ, պաշտպանները մի կերպ են մեկնաբանում այն, քրեական մեղադրանքի մարմինը՝ այլ։

ՍԴ-ն արձանագրել է, որ նախագահի անձեռնմխելիության հաղթահարման մեխանիզմներ, ընթացակարգեր, կառուցակարգեր և իրավասու պետական մարմիններ չկան, պատկերավոր ասած՝ նախագահի մտքով ժամանակին ինչ անցներ, կարող էր անել։ Մյուս կողմից, ՍԴ որոշման վերաբերյալ երկու դատավորներ հրապարակեցին իրենց հատուկ կարծիքը։

Առհասարակ դատական պրակտիկայում և ՍԴ պրակտիկայում, մասնավորապես, հատուկ կարծիք երևույթը բացառիկ է․ նման կարծիք հրապարակում են, երբ մեծամասնության կարծիքի հետ համաձայն չեն լինում։ Ընդ որում, նման կարծիք ներկայացրած դատավորներից մեկը, նույնիսկ, պնդել է, որ գործն ընդհանրապես չպետք է ընդունվեր դատարանի վարույթ։

Ինչեւէ, վաղը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանը կհրապարակի Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։ Տարբեր տեղեկություններ և վարկածներ են պտտվում, ընդհուպ մինչև կասկածները, որ դատարանը ազատ է արձակելու Քոչարյանին։ Գործի նման ելքի համար հիմք կարող է հանդիսանալ ՍԴ որոշումը, դատական նիստի ժամանակ հայտնի որոշումը մեկնաբանող կողմերի դիրքորոշումները։

Քոչարյանի խափանման միջոցի մասին որոշմանն ընդառաջ ամենեւին պատահական չէր այսօր խորհրդարանում Արարատ Միրզոյանի ելույթը, որի ժամանակ նա անդրադառնում է ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ ԱԺ-ն պետք է իր դիրքորոշումը հայտնի գործընթացների վերաբերյալ։

Այս հայտարարությունը արդեն իսկ հասցրեց քննադատվել իրավաբանական հանրության կողմից՝ գնահատվելով որպես օրենսդիր մարմնի կողմից ոտնձգություն եւ միջամտություն դատական համակարգին, քաղաքական գնահատական ՍԴ աշխատանքին եւ այլն։

Հնարավոր է արդյոք Քոչարյանի ազատ արձակումը վաղը։ Կանխատեսումը անշնորհակալ գործ է։ Սակայն մի բան ակնհայտ է․ ցանկացած զարգացման դեպքում քաղաքական դաշտի տուրբուլենտությունը և հանրային հուզումները կշարունակվեն։ Կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության կռիվը անցյալի դեմ է, ոչ թե հանուն ապագայի։

Like this post? Please share to your friends: