Պարետի նոր որոշումը. դիմակ կրելը պարտադիր է նաև բաց տարածքներում. ունենք ծայրահեղ միջոցներ՝ վերադարձ սահմանափակումներին

Պարետատան նիստին որոշվել է, որ բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլոր հանրային տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր, պարետատան նիստի ավարտից հետո ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

Բացառություն են կազմելու մինչև վեց տարեկան երեխաները:

Դիմակ կրելը պարտադիր է նաև ֆիզիկական վարժություններ անելու և հեծանիվ վարելու դեպքերում:

Տիգրան Ավինյանը նաև հայտնեց, որ պարետատան նիստերի ընդհանուր քննարկումների շրջանակում ձևավորված գործիքակազմում ունեն ծայրահեղ միջոցներ: Դրանք են վերադարձը տեղաշարժի և տնտեսական սահմանափակումներին, ինչպես նաև պարետային ժամի սահմանման հնարավորությունը:

Այս փուլում, սակայն, դեռևս ելնելով ներկա դրությունից, առողջապահական համակարգի ծանր, բայց կայուն վիճակից,,այդ որոշումները չեն չդիտարկվում: Դեռևս գնալու են հակահամաճարակային կանոնների պահպանման տրամաբանությամբ և շարունակելու են դրանց պահպանմանն ուղղված վերահսկողության գործողությունների իրականացումը:

Միաժամանակ, ըստ Ավինյանի, որևէ վերահսկողություն չի կարող լինել էֆեկտիվ, եթե  հանրային վարքագծում տեղի չունենան էական փոփոխություններ: «Սա դժվարին ժամանակահատված է, և այս ընթացքում մենք  պետք է մեր հարմարավետության շրջանակից դուրս մեզ նեղություն տալով որոշակի այլ վարքագիծ ձևավորենք: Պահպանենք 3 հիմնական կանոնները՝ կրենք դիմակ, պահպանենք սոցիալական հեռավորուրթյուն, հաճախ ախտահանենք ձեռքերը:

Բոլոր այն տնտեսվարողները, որոնք ունեն հնարավորություն, կոչ եմ անում աշխատանքները կազմակերպել հեռավար կերպով: Սա նույնպես դրական ազդեցություն ունի համավարակի տարածման ինտենսիվությունը նվազեցնելու առումով»,-ասաց փոխվարչապետը:

Like this post? Please share to your friends: