Պապը 13 ամյա թոռանը հայտնաբերել է թելով կախված վիճակում

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, առեղծվածային դեպք է գրանցվել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 18:00-ի սահմաններում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:

Առեղծվածային դեպք Գեղարքունիքի մարզում. Վարդենիսի հիվանդանոցի բժիշկները մահվան ճիրաններից փրկել են 13-ամյա տղայի կյանքը. ոստիկանությունն ու քննչական բաժինը աշխատում են 2 վարկածի՝ ինքնասպանության փորձի կամ դժբախտ պատահարի ուղղությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 13-ամյա Ս. Զ.-ն է:

Վարդենիսի հիվանդանոցի բժիշկները կարողացել են փրկել երեխային 2 ժամից ավելի բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո:

Երեկ՝ արդեն ուշ ժամի, երեխային Վարդենիսի հիվանդանոցի բժիշկների ուղեկցությամբ տեղափոխել են Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 17:40–ի սահմաններում, երեխայի պապը՝ 64-ամյա Ս. Զ.-ն, թոռանը նկատել է իրենց բակում՝ երկաթյա աստիճանավանդակի վերնամասում նախկինում պատրաստված գառ մաշկելու համար նախատեսված հակի թելից կախված վիճակում և պապը կարողացել է թելը շուտ կտրել և ահազանգել Վարդենիսի հիվանդանոց, որտեղից ժամանած բժիշկները նախ տեղում օգնություն են ցուցաբերել երեխային, ապա տեղափոխել հիվանդանոց:

Տեղի ունեցածն ինքնասպանություն է, թե դժբախտ դեպք, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո, քանի որ ոստիկանությունն ու քննչական բաժինը աշխատում են 2 վարկածի ուղղությամբ:

Like this post? Please share to your friends: