Անարդար է, երբ հաջողությունը համարում ենք բոլորինս, իսկ անհաջողության դեպքում՝ մեղադրում մեկին:
Հեղափոխությունից անցել է գրեթե մեկ տարի, բայց տնտեսական «ծանրաքարշ գնացքը» տեղից չի շարժվում, որի պատճառները և օբյեկտիվ են և սուբյեկտիվ:
Եթե օբյեկտիվի համար ոչ ոքի չենք կարող մեղադրել, ապա սուբյեկտիվ պատճառները կարող ենք բաժանել երեք խմբի, ընդ որում, բոլորն էլ հաղթահարելի են՝
1. Հասարակության և նոր իշխանության մի շարք ներկայացուցիչներ դեռևս չեն կարողանում ազատվել անցյալի կապանքներից: Եթե մենք անընդհատ համադրվում և մխիթարվում ենք անցյալի արատավոր երևույթների ներկա բացակայությամբ, ապա ասեմ, որ ժամանակն է առաջ նայելու:
Կարիք չկա անընդհատ կրկնել, որ կոռուպցիա հիմա չկա: Միայն դրանով տնտեսական հրաշք չես անի, աշխատել է հարկավոր:
Անցյալը կարոտով հիշում են պղտոր ջրում ձուկ բռնողները, բայց իրենց հիասթափեցնեմ. այս սերունդը այլևս չի հանդուրժի ավազակապետությունը:
2. Տնտեսական բլոկի պաշտոնյաները չեն փայլում իրենց մոտիվացիայով արմատական փոփոխություններ կատարելու հարցում:
Թշվառությունը, գործազրկությունը, սոցիալական անարդարությունը և մյուս խնդիրները հաղթահարելու համար պետք է լինել հայրենասեր, հետևողական ու մի քիչ էլ՝ հանճարեղ:
Եթե դուք չեք բավարարում այս պահանջներին, ապա եղեք ազնիվ, իջեք նավից: Մի մսխեք Վարչապետի վարկանիշը, նա դա վաստակել է:
3. Տնտեսությունը կշարժվի, երբ մարդիկ սեփական շահերից բացի երբեմն նկատեն նաև այլոց խնդիրները: Նախորդ տարվա միասնականությունը անհրաժեշտ է նաև հիմա, նաև՝ վաղը, տնտեսական հրաշքի ճանապարհին:
Ու այս ամենը գրում է մի մարդ, ով շատ դժգոհ է ներկա տնտեսական իրավիճակից…
«Բարեկեցիկ Հայեր» նախաձեռնության ղեկավար Էռնեստ Ղազարյան