Լոռիում հսկայական ժայռաբեկորները փլվել են մեքենաների վրա. մայր ու դուստր մահացել են

Այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Երևան-Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Նեղոց գյուղի վարչական տարածքում հսկայական ժայռաբեկորների փլուզում է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզման հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ 2 հոգի, գիտակցության չգալով, մահացել են։

Լոռիում հսկայական ժայռաբեկորները փլվել են մեքենաների վրա. կան զոհեր

Ժայռաբեկորների տակ են հայտնվել Գազել մակնիշի 35 XX 233 համարանիշ և Վազ 2104 մակնիշի 34 ZZ 338 համարանիշի ավտոմեքենաներ։

Ավելի ուշ Լոռու մարզպետարանը տեղեկություն է տարածել.

-Խոր վշտով տեղեկացանք, որ այսօր 13:56-ին ԱԻՆ Լոռու մարզային վարչության հերթապահություն ահազանգ է ստացվել, որ Նեղոց համայնքի հարակից մայրուղում քարաթափման հետևանքով մահացել են Գազել մակնիշի ավտոմեքենայում գտնվող երեք ուղևորներից երկուսը: 1984 թվականին ծնված Վարդան Մկրտումյանն իր կնոջ և դստեր հետ այդ պահին գտնվել է մեքենայի ներսում: Կինը՝ Կարինեն և դուստրը՝ Լիլիան կյանքի հետ անհամատեղելի ծանր վնասվածքների հետևանքով մահացել են, իսկ Վարդան Մկրտումյանը ողնաշարի կոտրվածքի նախնական ախտորոշմամբ տեղափոխվել է Երևան: Աղետի պահին տարածքում եղել է նաև Վազ 21-04 մակնիշի ավտոմեքենա, որի մեջ, բարեբախտաբար, ուղևորներ չեն եղել:
Լոռու մարզպետարանը խոապես վշտակցում է մահացածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում ընտանիքի հորը՝ Վարդան Մկրտումյանին:
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը ձեռնարկել է բոլոր միջոցառումները՝ վնասված բնակչին բժշկական անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար:

Like this post? Please share to your friends: