Ինչպես Նիկոլ Փաշինյանը Ալիևին լռեցրեց՝ նշելով, թե երբ է Ադրբեջանը հայտնվել քարտեզի վրա

Փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը,

որին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ քննարկմանն Ալիևը հավաքվածներին ներկայացրեց, թե իբր Ղարաբաղն ու Երևանը ադրբեջանական տարածքներ են եղել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց նրան։

«Երբ հայոց արքա Տիգրան Մեծը բանակցում էր հռոմեացի զորավար Պոմպեյի հետ, Ադրբեջանը չկար քարտեզի վրա, ուստի չեմ կարծում, որ պետք է այդքան հեռուն գնալ»,– ասաց նա։

Փաշինյանն ավելացրեց` եթե հեռուն գնան, ապա կարող է պատմությունը սկսել մ. թ. ա. 4000–րդ թվականից, բայց դա ճիշտ մոտեցում չի լինի։

ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև Ղարաբաղի թեմային և նշեց, որ այդ հարցում չի համաձայնվի Ալիևի հետ։

«Կովկասյան բյուրոն որոշում էր կայացրել, որ Ղարաբաղը լինի Հայաստանի մաս։ Դրանից հետո Ստալինի անձնական նախաձեռնությամբ Մոսկվայում այն փոխվեց, և դա կարծես դավ էր Ստալինի, Լենինի և Աթաթուրքի միջև։ Ղարաբաղը չի եղել Ադրբեջանի կազմում, այն մտցվել է Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ»,– ասաց նա։

ՀՀ վարչապետը շեշտեց` Լեռնային Ղարաբաղը ԽՍՀՄ կազմից դուրս է եկել այնպես, ինչպես դուրս է եկել Ադրբեջանը։

Փաշինյանն անդրադարձավ նաև Խոջալուի դեպքերին` հիշեցնելով, որ 90–ականների կեսին Ադրբեջանի նախագահը Այազ Մութալիբովը «Արգումենտի ի ֆակտիին» հարցազրույց էր տվել ու ասել, որ Խոջալուի սադրանքը կազմակերպվել էին Ադրբեջանի իշխանությունները նրան իշխանությունից հեռացնելու համար։

«Սակայն չեմ կարծում, որ ճիշտ մոտեցում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ամեն անգամ կրկնեն նույն բանը։ Վերջին 20-30 տարիներին մենք կրկնում ենք նույն բաները, և ես մտավախություն ունեմ, որ միջազգային հանրությունը ինչ–որ առումով գուցե հոգնած կլինի նույնը լսելուց։ Մենք պետք է նոր գաղափարներ առաջ քաշենք։ Երբ ես վարչապետ դարձա, հասկացա, որ հնարավոր չէ 30 տարվա խնդիրը 1-2 քայլով լուծել, դրա համար անհրաժեշտ են հեղափոխություններ, և ես սկսեցի միկրոհեղափոխություններ»,– ասաց նա։

Այնուհետև Փաշինյանն ու Ալիևը սկսեցին պատասխանել հարցերին։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետը փետրվարի 13-ին ԳԴՀ է մեկնել աշխատանքային այցով։

Բեռլինում նա արդեն հանդիպում է ունեցել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի և Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Վարչապետի հետ Գերմանիա մեկնածների թվում են արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ու էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունենումԼեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ պանելային քննարկում։ Մասնակցում ենք ես եւ Ադրբեջանի նախագահը։

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Суббота, 15 февраля 2020 г.

 

Like this post? Please share to your friends: