Դրական ազդակներ՝ ԼՂ հարցով բանակցություններում

Եվրոմիության կողմից նկատվել են դրական ազդակներ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: ԵՄ-ն սպասումներ ունի, որ երկու կողմերն էլ լիարժեք ի կատար կածեն վերջին հանդիպումների ժամանակ կայացրած որոշումներն ու պայմանավորվածությունները: Այս մասին երեկ հայտարարություն է տարածել ԵՄ արտաքին հարաբերությունների գծով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի գրասենյակը:

«Վերջին ամիսներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած շփումներն ու հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը դրական ազդակներ են հաղորդում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Եվրոմիությունն անհամբերությամբ սպասում է այդ արդյունքների լիարժեք իրականացմանը, ներառյալ՝ իրենց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ կոնկրետ միջոցներ ձեռնարկելու շուրջ նախարարների վերջին համաձայնությունը, ինչպես նաև բանակցային գործընթացի ակտիվացմանն ուղղված քայլերի դիտարկումը: Եվրոմիությունը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերն ու առաջարկությունները: Բոլորը կշահեն կայուն խաղաղությունից, որը Հարավային Կովկասին հնարավորություն կտա ամբողջովին իրացնել իր ներուժը»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ համաձայնությունը ողջունել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

 

Աղբյուր՝  Մամուլ

Like this post? Please share to your friends: