Ամեն գիշեր աղոթում եմ, որ երեխաներիս նորից տեսնեմ… ես չգիտեմ, թե ոնց է լինելու սրա շարունակությունը, վերջը… Ես չգիտեմ՝ կլավանամ, թե ոչ…

Արարատի մարզի Այնթապ համայնքի բնակչուհի Մ.Թ-ի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Ավելի քան 1 շաբաթ կնոջ մոտ եղել է բարձր ջերմություն, շնչարգելություն, թուլություն: Ու քանի որ հաստատված վարարակիր են նաեւ նրա հարազատները, եւ ինքը եղել է կոնտակտավոր, համոզված է եղել, որ ինքը նույնպես կորոնավիրուսով է վարակված: Մեզ հետ զրույցում Մ.Թ.-ն ասաց.

«Ես շատ վատ վիճակում եմ, անգամ ջերմիջեցնող դեղեր օգտագործելուց հետո ջերմությունս չի իջնում 38 աստիճանից: 39- 40 աստիճանները այս օրերի իմ մարմինի հիմնական ջերմաստիճանն է, օրգանիզմս ամբողջությամբ թուլացած ու հյուծված վիճակում է, կարծես թե ուր որ է շունչս կկտրվի, էլ չեմ կարող շնչել: Բժշկուհին ինձ տնային բուժումներ է նշանակել՝ ջերմիջեցնողներ, անտիբիոտիկներ: Բայց ամեն գիշեր ինձ համար մղձավանջային է, թվում է, թե էլ չեմ լուսացնի: Ամեն գիշեր աղոթում եմ, որ երեխաներիս նորից տեսնեմ: Իսկ երբ լույսը բացվում է, ու տեսնում եմ, որ ողջ եմ, աստծուն փառք եմ տալիս, ուրախանում եմ: Ես չգիտեմ, թե ոնց է լինելու սրա շարունակությունը, վերջը: Երբեք ինձ այսքան անպաշտպան չեմ զգացել: Չնայած ունեմ լավ ընտանիք, լավ ամուսին, ով հոգատարությամբ խնամում է ինձ՝ վտանգելով իր կյանքն ու առողջությունը: Երեխաներիս ուղարկել եմ տատիկի տուն, որ հետս չշփվեն: Բայց մենք մի բակում ապրում ենք մեծ ընտանիքով. այստեղ կան յոթ անչափահաս երեխաներ, որոնք գնալու տեղ չունեն, եւ վեց չափահասներ, որոնցից մեկը 60 տարեկանից բարձր է: Օգտվում ենք գրեթե նույն կենցաղից: Նրանք էլ են ինձ խնամում: Ես չգիտեմ, թե այս երեխաների ու այս մարդկանց առողջությանը ի՞նչ է սպասվում: Ասում են, որ հիվանդանոցներում տեղ չկա, որ մեզ հոսպիտալացնեն: Բա հիմա ինչպե՞ս է լինելու իմ եւ այս ընտանիքի վիճակը: Ես չգիտեմ՝ կլավանամ, թե ոչ: Ոչ ոք չի համարձակվում գալ ներարկումներ անել, տեղի բուժամբուլատորիան չունի համապատասխան հանդերձանք, որ բուժքույրերը գան ներարկումներ անեն: Միայն դեղահաբերով ո՞նց եմ բուժվելու, կդիմանա՞մ այս մղձավանջային ջերմությանը, կհաղթահարե՞մ այս դժոխքը, չգիտեմ: Ես շատ գոհ եմ մեր տեղի ամբուլատորայի բժշկուհիներից, անձնակազմից: Դիմել եմ իրենց, բայց գյուղում այնքան շատ են հիվանդները, որ մարդիկ գիշեր-ցերեկ աշխատելով հազիվ են հասցնում զբաղվել բոլոր գանգատ ունեցողներով: Վարակակիր են նաեւ հայրս, մայրս, եղբայրս, երկու քույրերս, մեկի սկեսուրը, 7-ամյա երեխան: Այսքանից միայն երկու քույրերս են գտնվում հիվանդանոցներում, մեկը Մալայանի օրթոպեդիկում, մյուսը՝ Գր. Լուսավորիչում: Ի տարբերությունը տանը ինքնամեկուսացված մյուս հարազատներիս, իմ առողջական վիճակը անասելի վատ է: Բացի այդ՝ դեղորայքը մենք ենք գնում մեր միջոցներով, այն դեպքում, երբ ես ու ամուսինս արդեն չենք աշխատում, եւ երեք երեխաները մեր խնամքի տակ են: Սա դեռ քիչ էր, ամուսնուս էլ մեքենայի մեջ դիմակ չկրելու համար 10 հազար դրամի տուգանք են նշանակել: Ոնց հասկանում եմ, այս համավարակը մենք մեր ուժերով ենք հաղթահարելու: Մեր թիկունքում չկա պետություն: Ով ապրեց՝ ապրեց, ով մեռավ՝ մեռավ: Այսպես չէր կարելի…»: 

Աղբյուր՝ Հրապարակ

Like this post? Please share to your friends: