+40/+42 աստիճան տաքություն… Առողջապահության նախարարության հորդորը…

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով` մթնոլորտի շրջանառության կտրուկ փոփոխությունների արդյունքում օգոստոսի 10-ից, արաբական թերակղզու շրջաններից Հայաստան է ներթափանցում հզոր ջերմային ալիք, որն իր հետ կբերի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում։ Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է մինչև +40/+42 աստիճան տաքություն։

Առողջապահության նախարարության հորդորը
     Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար առողջապահության նախարարության մասնագետներն առաջարկում են պահպանել հետևյալ պարզ կանոնները.
     ♦ խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես` ժամը 12:00-ից 18:00-ի սահմաններում մի՛ մնացեք դրսում,
     ♦ հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրելով գլխարկ, արևապաշտպան ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, ցանկալի է բամբակյա կտորից հագուստ,
     ♦ օգտագործել սովորականից շատ հեղուկներ (օրական շուրջ 2,5-3 լիտր), հատկապես ջուր, թան, առանց շաքարի բնական հյութեր և թեյ։ Ծարավը հագեցնելու ամենատարածված ու ամենամատչելի միջոցը ջուրն է: Սրտանոթային համակարգի կամ այլ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո,
     ♦ ցանկալի է հրաժարվել կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթև, դյուրամարս սնունդ, օգտագործել շատ մրգեր և հում բանջարեղեն,
     ♦ օգտագործվող հեղուկները պետք է լինեն գոլ կամ մի փոքր հովացրած, այդպես դրանք ավելի լավ են հագեցնում ծարավը, չի կարելի հեղուկները շատ սառեցնել,
     ♦ չչարաշահել կոֆեին, շաքար և ալկոհոլ պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում,
     ♦չգտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ չմնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին չթողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում,
     ♦ ցանկալի է, որպեսզի երեխաները, հղիները, տարեցները, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը,
     ♦ անհրաժեշտ է ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին խուսափել բացօթյա տարածքում ծանր ֆիզիկական աշխատանքից,
     ♦ պետք է հետևել, որպեսզի օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա,
     ♦ այն տարածքներում, որտեղ առկա են օդորակիչներ, անհրաժեշտ է հագնվել ջերմաստիճանին համապատասխան:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է․

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկացնում է․

Օգոստոսի 10-14-ն արևադարձային տաք օդային ալիքների ներթափանցմամբ պայմանավորված՝ ցերեկը ժամը 13։00-18։00 ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում և Երևանում օդի հարաբերական խոնավությունը կնվազի մինչև 8-10 տոկոս։

Ջրազրկումից խուսափելու համար խորհուրդ է տրվում հետևել առողջապահության նախարարության հորդորին և ընդունել շատ հեղուկներ։

Like this post? Please share to your friends: