4 զոհ…Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում. «Mercedes»-ը Ֆիոլետովո գյուղում մոտ 200 մ գլորվելով հայտնվել է ձորում. ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը.

Այսօր՝ հունիսի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Ֆիոլետովո գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 200 մ գլորվելով հայտնվել ձորում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել են:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մահացածներից 3-ը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս, մեկին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարները օգտագործում են հատուկ տեխնիկա:

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի, տեղակալի և օրվա պատասխանատու հերթապահ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական վարչություն նախաձեռվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Like this post? Please share to your friends: