«Սերժ, հանձնիր 5 շրջանները, իսկ մենք Պուտինի հետ զորքեր կմտցնենք». Լուկաշենկոյի հերթական սենսացիոն հայտարարությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերթական սենսացիոն հայտարարությունն է արել ռուսական ԶԼՄ-ների համար մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը քննարկվել է Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովներից մեկի ժամանակ, երբ Հայաստանի նախագահն էր Սերժ Սարգսյանը: Լուկաշենկոն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել միասին լուծել խնդիրը՝ փոխզիջումների գնալով, փոխանցում է «Белта»-ն:

«Բացահայտ ասացի՝ նրանք ասում են օկուպացված 7 շրջաններ: Եվ մենք Պուտինի հետ առաջարկեցինք՝ Սերժ, հանձնիր 5 շրջանները: Իսկ նա պատասխանեց. «Եթե վերադարձնեմ, նրանք ճանապարհը կկտրեն, կգրավեն Ղարաբաղը և այլն»։ Իսկ մենք Պուտինի հետ խոստացանք, որ զորքեր կմտցնենք և դա թույլ չենք տա: Իսկ նա հրաժարվեց»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լուկաշենկոն:

Լուկաշենկոն նաև նշել է, որ դա իր համար զարմանալի է: «Ինչո՞ւ չեն ցանկանում վերադարձնել 5 շրջանները: Դատարկ են այդ շրջանները: Դա առաջին քայլն է, և այդ դեպքում Ադրբեջանը ևս կլիներ ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում: Եվ դա պայման է, որպեսզի Ադրբեջանն անդամակցի այդ կազմակերպություններին»,- հավելել է նա:

Բացի այդ, Բելառուսի նախագահն ընդգծել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը:

Աղբյուր՝ Մամուլ

Like this post? Please share to your friends: