Եկատերինբուրգի իշխանությունները տնից վտարել են Գևորգ Ավետիսյանին, ով վերջերս այրվող տնից փրկել էր երեք երեխաների:
Գևորգը բազմազավակ հայր է, ունի 5 երեխա, իսկ այժմ ընտանիքի հետ միասին ապրելու տեղ չունի:
Փայտե միհարկանի տնակը, որտեղ բնակվում էին Ավետիսյանները, պատկանել է «Սվերդլեսմաշ» ձեռնարկությանը, որտեղ աշխատել է Գևորգի կնոջ՝ Տատյանայի պապը, ապա բնակարանը դարձել է քաղաքապետարանի սեփականությունը: 2018-ի ամռանը Եկատերինբուրգի վարչակազմն ընտանիքին վտարելու հայցով դիմել է դատարան, հայցը բավարարվել է:
«Հայտարարեցին, որ ընտանիքն իրավունք չունի ապրել այդ բնակարանում, որ այն պետական է: Մենք խնդրեցինք որպես անապահով ընտանիք, սակայն մերժեցին: Մեզ ասում են, որ պաշտոնապես հողակտոր կհատկացնեն, սակայն 6 տարի է՝ հերթի մեջ ենք, ու դեռ ոչինչ չեն տվել»,- նշել է Գևորգը:
«Говорит Москва» ռադիոկայանի հետ զրույցում Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսանդր Վիսոկինսկին խոստացել է օգնել ընտանիքին: «Իրավիճակը կլուծենք: Հասկանալի է, որ կօգնենք: Այն, ինչ օրենքի սահմաններում է, անկասկած, կանենք»,- ասել է նա: