Պա՛պ, ծաղիկներով դիմավորիր… Նադեժդա Սարգսյանը այսօր կդառնար 69 տարեկան…

Սիրված երգչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանի ծննդյան օրն է այսօր։ Երգչուհին այսօր կդառնար 69 տարեկան:

Էմմի

Նադեժդա Սարգսյանը տարիներ շարունակ պայքարում էր քաղցկեղի դեմ:

Երգչուհի Նադեժդա Սարգսյանի եւ քանդակագործ Դավիթ Բեջանյանի միակ դուստրը` երգչուհի Էմմին, այսօր հրապարակել է իր մայրիկի հետ լուսանկարներ և շնորհավորել:

Նշենք, որ մեկ անգամ Էմմին` հրապարակելով ծնողների երիտասարդության լուսանկարներից մեկը, հուզիչ գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

«Ինձ մի՛ խղճացեք։ Ես իմ ծնողների ներկայությունը զգում եմ ամեն օր, ամեն վայրկյան։ Նրանք իմ մեջ են՝ իմ արյունն ու իմ մարմինն են։ Լինելով ծնողներիս միակ զավակը՝ երբեք էգոիստ չեմ եղել։ Այսօր՝ առավել եւս։ Տեսնելով մամայիս տանջանքն այս հիվանդության դեմ պայքարում՝ ես հիմա ավելի հանգիստ եմ։ Հավերժ միմյանց սիրահարված Նադյան ու Դոդոն հիմա նորից միասին են եւ, ըստ սովորության, իրար հետ շրջում են ամբողջ աշխարհով։ Իմ պահապան հրեշտակներն են։ Գիտակցելով իմ միակ զավակ լինելու փաստը՝ նրանք աշխարհով մեկ թողել են ինձ ընկերներ, ովքեր ինձ թեւ ու թիկունք կլինեն։ Ինձ կփայփայեն եւ նվիրված կլինեն այնպես, ինչպես իմ ծնողներն են իրենց վերաբերվել։ Մի ամբողջ բանակ է ինձ այսօր օգնում։ Իմ կողքին են հարազատներս, ընկերներս, հարեւաններս, ծնողներիս ընկերները, սաները, մարդիկ, ովքեր գոնե մի քանի վայրկյան շփվել են մամայիս ու պապայիս հետ։

Հիմա ես գիտեմ, որ պապաս էլ միայնակ չէ․ նրա միակ սերն ու թիկունքը, ուժ տվող Նադյան իր կողքին է։ Գուցե հիմա իրար հետ նստած՝ մամաս պատասխանում է իր հազարավոր ֆեյսբուքյան ընկերների մեկնաբանություններին, իսկ պապաս ասում է․ «Նադեժդա, վերադարձի՛ր իրական կյանք»։ Այո՛, արյունս, կարծես, կապույտ է, որովհետեւ դուք եք ինձ ստեղծել։ Բոլորիս համար հավերժ իրար սիրող Նադյա ու Դոդո։ Դուք իմ Երեւանն եք։ Եվ քանի դեռ ապրում ու շնչում եմ՝ հարուստ եմ, ուրախ, երջանիկ, սիրուն, հենց ձեզնով։ Ես ժպտալու եմ ամեն օր, որ դուք դա տեսնեք։ Եվ հիմա՝ հենց այս բեմից, կանգնած ասում եմ՝  շնորհակալ եմ, Աստվա՛ծ, որ ընդունել ես ծնողներիս Քեզ մոտ։

Պա՛պ, ծաղիկներով դիմավորիր։ Նադեժդա Սարգսյա՜ն, Դավիթ Բեջանյա՜ն»,— գրել էր Էմմին:

Like this post? Please share to your friends: