Որն է հայ ժողովրդի երջանկության բանաձևն ըստ Նիկոլ Փաշինյանի

Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է.

Ես բանաձև ունեմ, որ մեր երկրում իրավիճակը կարող ենք լիարժեք փոխել, եթե երեք բանից կարողանանք ազատվել: Մեկը՝ աղբը, որ ամենուրեք է, երկրորդը՝ կրպակներն են, որ ամենուրեք կան, և երրորդը՝ ավտոմեքենաների կմախքներն են, որոնք տասնյակ տարիներ շարունակ մարդիկ իրենց բակում պահում են:

Գուցե հասարակ քաղաքացիներիս համար դժվար է ըմբռնել երկրի առաջնորդի ներկայացրած բանաձևերը և մեր՝ «ՀՀ հպարտ քաղաքացիներիս» մտքով անգամ չէր կարող անցնել, որ կրպակները վերացնելով՝ կարելի է բարելավել երկրում տիրող իրավիճակը՝ արմատախիլ անել մենաշնորհները, օլիգարխիան, կոռուպցիան: Հետևաբար, անհրաժեշտ է բարձր ինտելեկտ՝ վարչապետի մտքի գոհարներն ընկալելու համար:

Նման պրիմիտիվ խնդիրներին տալ առաջնայնություն և տապալել երկրի արտաքին ու տնտեսական քաղաքականությունը, վարել ոչ կոմպետենտ կադրային քաղաքականություն՝ խոսում է միայն մեր երկրի իշխանությունների անհեռատեսության մասին։

Ստացվում է՝ մինչև հեղափոխությունը մարդիկ չէին հասկացել, որ լավ ապրելու համար ընդամենը երեք բան է հարկավոր, ինչն էլ այսօր բացահայտեց վարչապետը։ Չնայած՝ թերևս, աղբը մաքրելու մասով, ճիշտ նկատառում է կատարել Նիկոլ Փաշինյանը․ իշխանությունների ներսում եղած աղբն արդեն մաքրելու ժամանակն է։

 

Աղբյուր՝  lurer.com

Like this post? Please share to your friends: