ՀՀԿ գործիչների համար բրենդային են դարձել քննադատություններն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի թիմը Արցախի հարցում վարում է պարտվողական քաղաքականություն։ Այդ կուսակցության համամասնական համարի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը նույնիսկ ավելի հեռու գնաց՝ Փաշինյանին մեղադրելով Արցախը հանձնելու մեջ։ Քարոզչական նպատակներով գրեթե նույն հայտարարությունները հնչում են Բաքվից։
Հարցին՝ արդյոք ճշմարի՞տ են ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե Նախիջևանի կողմից 11 հա հազար տարածք կարողացել են իրենց վերահսկողության տակ վերցնել, լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը երեկ պատասխանել է. «Նախիջևանի ուղղությամբ եթե ինչ-որ դիրքային փոփոխություններ եղել են, ապա 95 տոկոսով դրանք տեղի են ունեցել այս տարվա փետրվար-մայիս ամիսներին: Եղել են դիրքերի որոշակի տեղաշարժեր: Երկու կողմից են եղել: Ես պաշտոնապես ասում եմ, որ այն տարածքները, որոնք մայիսի 8-ի դրությամբ եղել են Հայաստանի Զինված ուժերի վերահսկողության ներքո, շարունակում են մնալ ՀՀ Զինված ուժերի վերահսկողության ներքո»:
Փաշինյանի երեկվա պատասխանում երկու ուշագրավ դրվագ կա։ Առաջինն այն է, որ Հայաստանի վարչապետն առհասարակ հերքում է, թե այս տարվա մեջ ադրբեջանական կողմին հաջողվել է ինչ-որ տարածքային նվաճումների հասնել. Նիկոլ Փաշինյանը խոսում է փետրվար-մայիս ամիսներին տեղի ունեցած ընդամենը դիրքային տեղաշարժերի մասին։ Այնուամենայնիվ՝ Հայաստանի վարչապետը հատուկ ընդգծում է, որ դա եղել է ոչ թե իր պաշտոնավարման, այլ Սերժ Սարգսյանի իշխանության ամիսներին։
Այս հայտարարությունը խիստ սկզբունքային նշանակություն ունի ու առնվազն բացահայտում է, թե ովքեր են եղել դիրքեր հանձնողները, ու ովքեր են հիմա ջուր լցնում հակառակորդի ջրաղացին։
Այս իմաստով ՀՀԿ-ի ու Բաքվի հիմնական քարոզչական մանիպուլյացիաները Նիկոլ Փաշինյանը համոզիչ կերպով «ջրում» է։
Սակայն եթե անկեղծ լինենք, նույնքան համոզիչ չեն Փաշինյանի պնդումները Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին։
Հարցին՝ պնդելո՞ւ են, որ իրականացվեն Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները, Նիկոլ Փաշինյանը երեկ պատասխանել է. «Ամբողջ խնդիրն այն է, որ հենց ամենասկզբից Ադրբեջանը պնդել է, որ նման պայմանավորվածություն ընդհանրապես չկա: Իսկ ինչ վերաբերում է այդ օրակարգերին, դրանք պաշտոնական բանակցային պրոցեսի օրակարգեր են, որոնք տեղի են ունեցել համանախագահների ներկայությամբ: Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել նրա վրա, որ ես ինքս որևէ պաշտոնական բանակցային գործընթացի չեմ մասնակցել: Մենք երկու անգամ զրույց ենք ունեցել Իլհամ Ալիևի հետ»:
Չնայած այն հանգամանքին, որ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները չեն հարգվել նաև Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, հայկական կողմն անընդհատ հղում է արել դրանց՝ ցույց տալով Բաքվի դեստրուկտիվ մոտեցումները։ Իրականությունն այն է, որ Բաքուն բանակցային սեղանի շուրջ ընդունել է այդ պայմանավորվածությունները, որոնց կատարումից հետագայում հրաժարվել է ամենատարբեր պատճառներով։
Կարծում ենք՝ այնքան էլ համարժեք չէ Նիկոլ Փաշինյանի այն միտքը, թե հենց ամենասկզբից Ադրբեջանը պնդել է, որ նման պայմանավորվածություն ընդհանրապես չկա: Սա հնարավորություն է ընձեռում Ադրբեջանին մանևրել, հրաժարվել հրադադարի հաստատման ինստիտուցիոնալ մեխանիզմներից՝ շեշտը դնելով Դուշանբեի «վերելակային» համաձայնությունների վրա, որոնք, ըստ էության, բանավոր են ու չեն ենթադրում որևէ միջազգային երաշխիք։
Կարծում ենք՝ այս հարցում Երևանի դիրքորոշումն առնվազն հստակեցումների անհրաժեշտություն ունի։
Աղբյուր՝ Առաջին Լրատվական