«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2018 թ. դրամահավաք միջոցառումները շարունակվել են նաև նոյեմբերի 22-ից հետո, ինչի շնորհիվ նոյեմբերի 22-ին հավաքագրված 11 մլն 109 հազար 633 ԱՄՆ դոլար գումարը մեկ ամսվա ընթացքում ավելացել է»,- այս մասին դեկտեմբերի 14-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը:
Վերջնարդյունքում, ի մի բերելով մինչ մարաթոնը տարբեր երկրներում տեղի ունեցած դրամահավաքի արդյունքները, դրան գումարելով Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի նվիրատվությունները` հիմնադրամը 2018թ.-ին գրանցել է 14 մլն 115 հազար 940 ԱՄՆ դոլար հանգանակություն:
«Այս տարի բավական մեծ էր նվիրատուների մասնակցության ցուցանիշը. ԱՄՆ-ում մոտ 20 տոկոսով աճել էր զանգահարողների թիվը, Հայաստանում sms հաղորդագրությամբ նվիրատվություն անողների թիվն աճել է երեք անգամ, օնլայն նվիրատուների թիվը ևս աճել է՝ 17-ից դառնալով 170: Նվիրատուների ներգրավումը մեծացնելու համար տարվա ընթացքում նախատեսված են նաև տարբեր միջոցառումներ՝ այդ թվում հեռախոսային հավելվածի գործածումը»,- ասաց Արշամյանը:
Հիմնադրամի 21-րդ հեռուստամարաթոնի միջոցներով կշարունակվեն Արցախում իրագործվող երկու կարևոր ծրագիր, որոնք սկսվել էին նախորդ տարվա «Բերքառատ Արցախ» հեռուստամարաթոնի միջոցներով: Առաջինն Արցախի գյուղատնտեսության ռեաբիլիտացիայի համար կենսական նշանակության խորքային հորերի հորատման և կաթիլային համակարգի կառուցման ծրագրերն են: Մարտունիի ու Ասկերանի շրջանների մոտ 200 հա տարածք ոռոգելի կդառնա, ոռոգման ջուրը կհասնի արցախցիների խաղողի, ցորենի դաշտերին, պտղատու այգիներին: Արդեն 13 խորքային հոր է փորվել: Ընթանում են հորատանցքերի վրա պոմպակայանների կառուցման աշխատանքները:
Երկրորդ ուղղությունը Արցախում արևային էներգիայի կիրառումն է: Ծրագիրը սկսվել է Շուշիի շրջանից: Պիլոտային էր Քարինտակ համայնքը, որտեղ արդեն 50 տներում օգտագործում են այլընտրանքային էներգիա: 2019-ին արևային էներգիայից կօգտվեն նաև Ասկերանի բնակավայրերում. ընդհանուր առմամբ՝ այս տարվա ընթացքում Արցախում արևային էներգիայով կապահովվի 251 օբյեկտ՝ հանրային նշանակության հաստատություն կամ սոցիալապես անապահով ընտանիք:
«Արցախը Սփյուռքի համար միշտ նախապատվություն է եղել, և կարևոր է Արցախում ենթակառուցվածքների շարունակականությունը ապահովելը, սակայն փորձում ենք Հայաստանում նաև գործունեությունը ավելի մեծացնել: Այս տարի, օրինակ, բարերարներ ունենք, որ որոշել են Գյումրիում ռոբոտաշինության երկու դասարան ստեղծել, կդրվի տեղեկատվական ոլորտի սթարթափերի ֆինանսավորման ծրագիրը և այլն»,- ասաց Հայկակ Արշամյանը:
Հիմնանորոգվելու է նաև Դիլիջան-Իջևան պետական նշանակության ճանապարհը: Արդեն իսկ պայմանավորվածության է ձեռք բերվել Տավուշի մարզի ևս 170 ընտանիքի ապահովել արևային էներգիայով, Microsoft ընկերության հետ համատեղ Հայաստանի բոլոր դպրոցները կապահովվեն համակարգչային անհրաժեշտ ծրագրերով:
Հիշեցնենք, որ այս տարի հիմնադրամի երևանյան գրասենյակում նվիրատվություններ էր կատարել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 1.5 մլն դրամ, որից 1 մլն դրամը` վարչապետի ֆոնդից, 500 000 դրամն էլ` վարչապետի անունից: Նախագահ Արմեն Սարգսյանը նվիրաբերել էր իր կես տարվա աշխատավարձը: Իր և ԱԱԾ աշխատակիցների անունից հանգանակություն էր արել Արթուր Վանեցյանը՝ 9 527 400 դրամ, Վանեցյասնը նվիրաբերել էր իր մեկ ամսվա աշխատավարձը:
Աղբյուր՝ shantnews.am