Մեկնարկում է կառավարության ծրագրի քննարկումը, բայց դեռ հայտնի չէ, թե որքան կտևի այն: Արդեն հասցրել են հնչել բազմաթիվ քննադատություններ, այնպես որ կարելի է անվերջ քննարկել ծրագիրը, բայց այն դրանից չի փոխվի:
Նույն կերպ էլ փոփոխության չենթարկվեց Կառավարության մասին օրենքը: Դրա մասին Փաշինյանն արդեն ընդունել է վերջնական որոշում: Որոշվել է այն ընդունել նախնական տարբերակով:
Իսկ կառավարության կառուցվածքի վերաբերյալ հնչեցին առավել քան հիմնավոր քննադատություններ, բայց իշխանությունը որևէ կերպ չարձագանքեց դրանց։
Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին, ապա, ի հեճուկս սպասումների, որ այն պետք է արտացոլեր հեղափոխության արժեքներն ու նպատակները, ծրագիրն այդ որևէ աղերս չունի հեղափոխության հետ։
Ճիշտ հակառակը՝ դրանում արձանագրված եզակի համեստ ցուցանիշներն ավելի շատ վկայում են հակահեղափոխության, քան հեղափոխության մասին։ Տնտեսական հեղափոխության մասին ամեն օր ու ամենուր հայտարարող Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը ներկայացրել է այնպիսի ծրագիր, որն իր որակով, ավելի ճիշտ՝ անորակությամբ, համեմատելի ու համադրելի չէ նախորդ որևէ, անգամ ամենաապաշնորհ կառավարության ծրագրի հետ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսպիսով, դեմ է գնացել 10 ամիս առաջվա հեղափոխական Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով այնպիսի ծրագիր, որի՝ ինչպես իրագործումը, այնպես էլ՝ տապալումը փոշիացնելու է հեղափոխության նպատակները։
Աղբյուր՝ 168 ժամ