Նիկոլ Փաշինյանը՝ Լևոն Մնացականյանի, Արշակ Կարապետյանի, 11 հազար հա հողի ու Լուկաշենկոյի մասին

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը Դիլիջանում պատասխանել է լրագրողների հարցերին՝ վերաբերող ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի պաշտոնանկությանը, ՀՀ ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, իր նոր խորհրդականի նշանակման շուրջ ստեղծված աղմուկին և այլն:

«Պարոն Մնացականյանի պաշտոնանկությունը չեմ կարող մեկնաբանել, ինչ վերաբերում է մտավախություններին, թե փոփոխությունը կարող է ազդել բանակի մարտունակության վրա, վատ մեկնաբանություն է մեր բանակի հասցեին: Եղել են նոր նշանակումներ, մարդիկ, ովքեր ՊՆ հնաբնակներից են, մարդիկ, ովքեր ամբողջ կյանքում ծառայել են ԶՈւ-ում ու արցախյան ազատամարտի ակունքներում են գտնվում»:

Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միլանյան հանդիպմանը, ասել է. «Հաղորագրություն են համաձայնեցրել, որը երկար ժամանակ չէր հաջողվում: Եթե հարցնում եք՝ արդյոք նոր բան կա՞ ԼՂ հարցում, ոչ, նոր բան չկա: Ինձ զարմացնում է հայաստանցի մեկնաբանների մեկնաբանությունը, որ առաջին կանխավարկածն էն ա, որ ինչ-որ դավադրություն կա, իսկ ինչո՞ւ չկա կանխավարկած՝ ՀՀ կառավարության տեսակետից, որ գուցե ՀՀ կառավարությանը հաջողվե՞լ է համոզիչ փաստարկներ բերել»:

Պատասխանելով Հանրապետական Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, ըստ որի՝ «Ալիևն ասել է, որ 2018-ին նախիջևանյան ինչ-որ օպերացիայի հետևանքով ադրբեջանական զինուժի ամբողջական վերահսկողության տակ անցել է շուրջ 11 հազար հա հող», Փաշինյանն ասել է. «ՊՆ-ն մի քանի անգամ լրագրողների խմբին հրավիրել է ու գնացել, տեղում ծանոթացել են իրավիճակին: Երկրորդը՝ նախիջևանի ուղղությամբ ինչ տեղի է ունեցել, եղել է փետրվար-մայիսին, եղել է դիրքերի որոշակի տեղաշարժ՝ երկու կողմից: Այն տարածքները, որ մայիսի 8-ի դրությամբ եղել են ՀՀ ԶՈւ վերահսկողության ներքո, շարունակում են մնալ ՀՀ ԶՈւ վերահսկողության ներքո»:

Խոսելով իր խորհրդական, Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանի մասին, ով, ըստ համացանցում տարածված գրառումների, «ապրիլյան պատերազմի զոհերի թիվ մեկ պատասխանատուն է», վարչապետի պաշտոնակատարն ասել է. «Քառօրյա պատերազմի մասին կարդացել են տասնյակ էջերով գաղտնի նյութեր, ու ոչինչ չեմ գտել հեռախուզական տվյալների պակասության կամ բացակայության մասին»:

Լուկաշենկոյի հայտարարությունների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Փաշինյանը հրավիրել է հանրության ուշադրությունը հետևյալի վրա. «Լուկաշենկոն ասում է՝ էսպես ասացի, էնպես ասացի, բայց չի ասում՝ ես ինչ ասացի: Հնարավոր է լինեն մարդիկ, ովքեր բավարարված չեն այդ խոսակցությունից, ես բավարարված եմ: Պարոն Լուկաշենկոյի բարձրացրած բոլոր հարցերին տեղում տրվել են սպառիչ պատասխաններ, ու ես տպավորություն ունեի, որ նա բավարարված է այդ պատասխաններով, թե հետո ինչ է եղել, չգիտեմ»:

Աղբյուր՝  Մամուլ

Like this post? Please share to your friends: