Նախագահ Արմեն Սարգսյանը խոսում է հայ-ռուսական հարաբերությունների մասին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշում է, որ Ռուսաստանն ու Հայաստանը դաշնակիցներ են: Սարգսյանը դրա մասին խոսել է հնդկական WION TV (World Is One News) լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նախագահն ասել է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկրի արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ չեն լինելու, ինչը բնական է:

-Ռուսաստանը Հայաստանի բնական դաշնակիցն է: Այս համագործակցությունը չի սկսվել 10 կամ 100 տարի առաջ: Մենք դարեր շարունակ լավ դաշնակիցներ ենք: Կարծում եմ՝ մենք կանք, եղել ենք ու ապագայում կլինենք կայուն ու լավ դաշնակիցներ,- ասել է Արմեն Սարգսյանը:

ՀՀ նախագահն անդրադարձել է նաև հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Ջոն Բոլթոնի այն հայտարարությանը, թե իրենք առաջարկում են ամերիկյան զենք վաճառել Հայաստանին: Արմեն Սարգսյանը նկատել է, որ դա պարզապես առաջարկ էր: «Վաղը կարող են լինել այլ առաջարկներ ևս: Կարծում եմ, որ պետք է կառավարությունը որոշի, թե ինչ տեսակի զենքեր է ուզում գնել: Իրականությունն այն է, որ Հայաստանը միակ երկիրն է, որը կարող է լինել և արդեն իսկ կամուրջ է Արևելքի ու Արևմուտքի միջև:Մենք ԵԱՏՄ անդամ ենք, լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ: Մեզ համար դա շատ կարևոր քայլ առաջ էր, քանի որ երբ նայում ենք տեղական՝ հայկական շուկային, 3.5 մլն բնակչություն ունեցող երկրի տնտեսությունը շատ գրավիչ չի կարող լինել»,- ասել է նախագահ Սարգսյանը:

 

Աղբյուր՝  lurer.com

 

Like this post? Please share to your friends: