Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները գլխավոր դատախազության շենքի մոտ են: Նրանք բոլորին կոչ են անում՝ միանալ իրենց, քանի որ սա միայն էջմիածինցիների խնդիրը չէ: Սա նախադեպ է հանդիսանալու ամբողջ երկրում նման վճիռների կայացման համար:
Ցուցարարներն ասում են, որ եթե Ռոբերտ Քոչարյանը դուրս գա, նրա դեմ է արվելու ցույց, երկիրը թալանած, ժողովրդին կեղեքած մյուսը դուրս գա, նրա դեմ:
-Այսօրվանից սկսվում է «իրավապահանջ քաղաքացի, հզոր պետություն» շարժումը»,- հայտարարեց ակցիայի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը:
Հիշեցնենք՝ հավաքվածները պահանջում են կրկին կալանավորել գեներալ Մանվել Գրիգորյանին:
«Բանակցությունները լինելու են դրսում՝ լրագրողների ու հավաքված քաղաքացիների ներկայությամբ»,- արձագանքելով գլխավոր դատախազության ներկայացուցչի առաջարկին՝ ասացին Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքի ցույց անող քաղաքացիները:
«Դատարանի որոշումն ստացել ենք, համաձայն չենք որոշման հետ: Վերաքննիչ բողոք ենք գրել, այսօր մուտք է արվելու»,- հայտարարեց դատախազության ներկայացուցիչ Վահագն Մուրադյանը՝ հույս հայտնելով, որ դատական նիստ գումարելու հարցը կլուծվի մինչև Ամանոր: Հավաքվածներն ասացին, որ շարունակելու են հանրային ճնշումը, մինչև գեներալ Մանվել Գրիգորյանը կհայտնվի բանտում:
Րոպեներ առաջ ցուցարարներին մոտեցավ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա նշեց, որ համաձայն չէ դատարանի որոշման հետ.
-Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու որոշման դեմ: Գրիգորյանի հիվանդություններն այնպիսին չէին, որ համատեղելի չլինեին կալանքի հետ,-ասել է նա։
ՀՀ գլխավոր դատախազին հանդիպելուց հետո, Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ ակցիա իրականացնող ցուցարարները որոշեցին երթով շարժվել դեպի Վերաքննիչ դատարան:
«Վերաքննիչից մեր պահանջը լինելու է արագացված դատավարությունը: Դատախազն ասաց՝ հավատացնում եմ՝ այն փաստերը, որ ներկայացվել են վերաքննիչ ատյան, անառարկելի մեծ ուժ են ունանելու»,- նշեցին հավաքվածները:
Աղբյուր՝ Մամուլ