ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Եղիշե Չարենցի դստեր՝ գրականագետ Անահիտ Չարենցի մահվան կապակցությամբ:
«Հայտնում ենք, որ Անահիտ Չարենցի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 2-ին՝ ժամը 18:00-20:00-ը, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հուլիսի 3-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից: Հուղարկավորությունը կկայանա Շահումյան 2 գերեզմանատանը:
Անահիտ Չարենցը մեծ ներդրում ունի չարենցագիտության զարգացման բնագավառում: 1955 թվականից ի վեր հետևողականորեն զբաղվել է Եղիշե Չարենցի ձեռագրերի հայտնաբերման, ուսումնասիրման և դրանց ստուգաբանման աշխատանքներով:
1975թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Ե. Չարենցի ստեղծագործական վերջին շրջանը (1934-1937)» թեմայով: Ավելի ուշ ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։
Հայաստանի գրողների միության և ՀՀ ԳԱԱ անդամ է»,-նշված է ԿԳՄՍՆ հաղորդագրության մեջ: