Ճակատագրական՝ 2018 թվականի ամփոփում

2018-ի սկզբին, երբ Սերժ Սարգսյանը գնահատում էր 2017 թվականի իրադարձությունները, ասաց, որ դա «միակ տարին էր, երբ փողոցներում միտինգներ չկային…»: Սարգսյանը չէր էլ պատկերացնում, որ ամիսներ անց 2018-ն իր և հայ ժողովրդի համար դառնալու է ճակատագրական շրջադարձի տարի:

2018-ի մարտի 31-ին Գյումրիից մեկնարկեց ՔՊ ղեկավար, ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քայլարշավը: Նա հայտարարեց, որ քայլերթը տևելու է 14 օր ու ավարտվելու է Երևանի Ազատության հրապարակում: «Սերժ Սարգսյանը պատրաստվում է դրժել ՀՀ քաղաքացիների հետ ժամանակին կնքած պայմանագիրը՝ այն պարտավորությունը, որը նա ստանձնել է 2014-ին, երբ հայտարարել է, որ այլևս չի հավակնելու պետության ղեկավարի պաշտոնին: Հիմա նա գիտակցաբար գնում է այդ քայլին: Մենք քայլում ենք՝ հանուն քաղաքացու հաղթանակի»,- ասաց Փաշինյանը: Նշված օրը՝ ապրիլի 13-ին, նա՝ հազարավոր կողմնակիցների հետ հասավ Երևան ու շրջափակեց Ֆրանսիայի հրապարակը: Ապրիլի 17-ին, սակայն, ոստիկանական ուժերի լիակատար շրջափակման պայմաններում Ազգային ժողովը վարչապետ ընտրեց Սերժ Սարգսյանին:

Սկսվեց բուռն, դրամատիկ ու հեղափոխական պայքարը՝ շուրջօրյա հանրահավաքներ, բողոքի լայնածավալ ակցիաներ, երթեր, ցույցեր, գործադուլ-դասադուլներ… Սերժ Սարգսյանը համաժողովրդական ընդվզման առաջնորդին կոչ արեց նստել բանակցությունների սեղանի շուրջ: Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր պայմանները՝ պատրաստ են քննարկել միայն Սերժ Սարգսյանի հեռացման, հրաժարականի ժամկետները: Ապրիլի 22-ին Մարիոթ հյուրանոցում հանդիպեցին Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը: «Դուք դասեր չեք քաղել Մարտի 1-ից»,- ասաց Սարգսյանը: Փաշինյանը նշեց, որ որևէ մեկը չի համարձակվել ու չի կարող համարձակվել խոսել սպառնալիքների տոնով, ապա հայտարարեց, որ Սարգսյանը չի պատկերացնում Հանրապետությունում իրավիճակը, և որ ՀՀ-ում իշխանությունն անցել է ժողովրդի ձեռքը: Մի քանի րոպե տևած հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հեռացավ հյուրանոցից: Նույն օրը՝ Էրեբունիում քայլերթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը ձերբակալվեցին: Հանրության ընդվզումն ահագնացավ, երկրում բնականոն կյանքը կաթվածահար էր եղել: Ժողովրդի ճնշման ներքո ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց՝ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի»:

ՀՀԿ-ն մայիսի 1-ին դեմ քվեարկեց ՀՀ վարչապետի՝ ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը. մեկ շաբաթ շարունակվող համաժողովրդական շարժումն այլ ելք չէր թողնում Հանրապետական կուսակցությանը՝ մայիսի 8-ին չխոչընդոտել Փաշինյանի ընտրությանը. 59 կողմ, 42 դեմ ձայներով Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ:

Երկրում սկիզբ առան կոռուպցիոն լայնածավալ բացահայտումներն ու ձերբակալությունները: Հունիսի 16-ին ԱԱԾ-ն սկանդալային տեսանյութ տարածեց Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում իրականացված խուզարկությունների մասին, որի արդյունքում հայտնաբերվել էին մեծ քանակությամբ զենք-զինամթերք, ՊՆ-ին նվիրված մեքենաներ, բազմաթիվ անհատների և կառույցների, այդ թվում՝ Հայաստանի դպրոցների աշակերտների կողմից հավաքված և ուղարկված, զինվորի համար նախատեսված սնունդ, հագուստ, հիգիենայի պարագաներ և նամակներ: Գրիգորյանը զրկվեց մանդատից ու ձերբակալվեց:

Հուլիսի 8-ին Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից: Դրանից 2 ամիս անց տեղի ունեցան Երևանի ավագանու ընտրություններ: Ընտրություններում հաղթեց «Իմ քայլը» դաշինքը, որին կողմ քվեարկեց ընտրողների 81,06 տոկոսը: Քաղաքապետի պաշտոնն ստանձնեց Հայկ Մարությանը:

Հունիսի 25-ին բերման ենթարկվեցին Սերժ Սարգսյանի եղբորորդի Սաշիկ Սարգսյանը, նրա որդի՝ Հայկ Սարգսյանը, Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը: Միջազգային հետախուզում հայտարարվեց ու հայտնաբերվեց Սաշիկ Սարգսյանի մյուս որդի Նարեկ Սարգսյանը: Հետախուզում է հայտարարված Սերժ Սարգսյանի եղբորորդի Լևոն Սարգսյանի նկատմամբ:

Սկանդալային ձերբակալությունների շարքը հասավ ՀՀ երկրորդ նախագահին: Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրվեց Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Պաշտպանության նախին նախարար Միքայել Հարությունյանին:

Ուշագրավ հաջորդ իրադարձությունը սեպտեմբերի 11-ին՝ համացանցում հայտնված ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսումն էր՝ Քոչարյանի, Խաչատուրովի կալանքի մասին: Արթուր Վանեցյանը պարզաբանեց, որ խոսակցությունները եղել են մոնտաժված ու ներկայացված որպես մեկ ամբողջություն: Գաղտնալսման հիմնական պատճառներից մեկը նա նշեց իր վրա ճնշում գործադրելու փորձը, որպեսզի հրաժարական տա, ինչի հետևանքով ԱԱԾ-ն կթուլանա:

Հոկտեմբերի սկզբին ԱԺ-ի արձակումը թույլ չտվող օրինագծի ընդունումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով Բաղրամյան պողոտայում կազմակերպվեց բազմամարդ հանրահավաք, որի ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական նախարարներին պաշտոններից ազատելու մասին, քանի որ վերջինների պատգամավորները ՀՀԿ-ի հետ միասին կողմ էին քվեարկել ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունների նախագծին։
Հոկտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից: Երկու անգամ առաջադրվելուց ու չընտրվելուց հետո ԱԺ-ն լուծարվեց ու դեկտեմբերի 9-ին տեղի ունեցան արտահերթ ընտրություններ, որի արդյուքնում 3 ուժ հայտնվեց խորհրդարանում՝ «Իմ քայլը» դաշինքը՝ 70,44 տոկոսով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 8,27 տոկոսով, և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 6,37 տոկոսով: Ընտրություններին նախորդեց 11 ուժերի միջև աննախադեպ հեռուստաբանավեճը, որն իր շարունակությունը ստացավ ԲՀԿ-ԼՀԿ «փոխհրաձգությամբ»:

Տարին ավարտվեց վերջին ամսվա ուշագրավ իրադարձություններով. Գլխավոր դատախազը բնապահպանության նախկին նախարար, պատգամավոր Արամ Հարությունյանին կալանավորելու համաձայնություն տալու միջնորդություն ներկայացրեց ԱԺ, որի քննարկումը տապալվեց: «Մյուս Ազգային ժողովն այդ հարցին կանդրադառնա»,- հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Դեկտեմբերի 21-ին գրավի դիմաց ազատ արձակվեց գեներալ Մանվել Գրիգորյանը, որին հաջորդեցին էջմիածինցիների բողոքի ցույցերը: Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքը գրավով փոխարինելու միջնորդության քննությունը հետաձգվեց մինչև հունվարի 9-ը. ՀՀ երկրորդ նախագահն Ամանորը կդիմավորի բանտում:

Աղբյուր՝ Մամուլ

Like this post? Please share to your friends: