Այսօր՝ հունվարի 6-ին, Ղազախստանի Կարագանդա քաղաքում տասնյակ մարդիկ փողոց են դուրս եկել: Բողոքի ակցիան անցկացվել է տեղի ռեստորաններից մեկում ամանորյա գիշերը հայերի մասնակցությամբ տեղի ունեցած սպանության պատճառով:
Տասնյակ մարդիկ հավաքվել են ներքին գործերի նախարարության շենքի մոտակայքում, ապա շարժվել դեպի այլ պետական կառույցները:
Ամբոխը վանկարկել է. «Ինչո՞ւ տեղի ունեցավ սպանությունը», «Պահանջում ենք հետաքննություն անցկացնել»:
Ղազախստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ փողոցներում հատուկ տեխնիկա և ոստիկանական ուժեր են տեղակայվել:
Երկրի իշխանությունները հայտարարել են, որ իրավիճակը վերահսկողության տակ է: Նրանք նաև հերքել են սոցցանցերում տարածված տեղեկություններն այն մասին, որ վիճաբանությունը «միջէթնիկական բնույթ» է կրել:
Հիշեցնենք, որ Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ 23-ամյա երիտասարդ է սպանվել։ Կասկածյալ Նարեկ Գուրուրյանի (ծնված 1997թ.) նկատմամբ հանրապետական հետախուզում է հայտարարվել։ Եվս 3 ձերբակալվածների՝ Մալխասյան Թորգոմի, Մալխասյան Սոխակի և Նադիրբեկով Քայիրի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:
Աղբյուր՝ Մամուլ