Հարկավոր է ստեղծված իրավիճակից ելքեր գտնել և մեր հայրենակցին վերադարձնել

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Պետք է գտնել մեխանիզմներ գերեվարված Կարեն Ղազարյանին վերադարձնելու համար»․ Արման Բաբաջանյան

-Այսօր Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանը ամռանը գերեվարված ՀՀ քաղաքացի, Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Արմենի Ղազարյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ «Ադրբեջանում ահաբեկչական գործողության փորձի համար»։ Նա ազատազրկվելու է «խիստ ռեժիմով պատժի կրման հաստատությունում»։

Տեղի ունեցածը հերթական անգամ վկայում է Ադրբեջանի հայատյաց քաղաքականության մասին, երբ անմեղ սահմանախախտ քաղաքացին դատապարտվում է նման պատժաչափով։ Ընդ որում, Արդբեջանը՝ վստահաբար միտումնավոր, Կարեն Ղազարյանի դատավճիռը հրապարակել է մեզ համար ամենացավալի իրադարձություններից մեկի՝ Սումգայիթի ոճրագործության օրը։

Ադրբեջանի մոտիվները հասկանալի են. Կարենին նման ծանր «մեղադրանք» առաջադրելով և նման վճիռ կայացնելով նրանք ցանկանում են միևնույն հարթության վրա դնել Արցախում իրականում ծանրագույն հանցագործության համար դատապարտված Ադրբեջանի երկու քաղքացիների և սահմանը հատած մեր քաղաքացու գործերը։

ՀՀ քաղաքացու նկատմամբ դրսևորվող նման հակամարդկային քայլի մասին մենք բոլոր հնարավոր միջոցներով պարտավոր ենք տեղեկացնել միջազգային հանրությանն ու նման խնդիրներով զբաղվող միջազգային կազմակերպություններին։

Որպես ՀՀ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ առաջարկում եմ ԱԺ-ում խորհրդակցություն անցկացնել ՀՀ արտգործնախարարության և արդարադատության նախախարարության մեր գործընկերների հետ՝ ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու և մեր հայրենակցին վերադարձնելու նպատակով:

Like this post? Please share to your friends: