Հայ-ռուսական հարաբերություններում պիտի կատարվեն ուղղումներ

Դեկտեմբերի 20-ին կայացած՝ Վլադիմիր Պուտինի կազմակերպած ամենամյա ասուլիսը շատ լավ հնարավորություն էր և Ռուսաստանի, և այլ երկրների՝ այդ թվում նաև Հայաստանի լրագրողների համար՝ Ռուսաստանի նախագահից հուզող հարցերին կոնկրետ պատասխաններ ստանալու համար։ Հարցերը տարբեր էին, բայց մեծամասնությունը վերաբերում էին Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականությանը և հայ-ռուսական հարաբերություններին։Իսկ այն, որ այդ խնդիրները քիչ չեն, ակնհայտ է գոնե իրավիճակին քիչ թե շատ ծանոթ ուսումնասիրողների, փորձագետների համար: Խոսքը թե՛ մեր երկրում տեղի ունեցած հայտնի քաղաքական փոփոխություններին և շարունակվող ժողովրդավարացման գործընթացին Մոսկվայի իրական վերաբերմունքի մասին է, թե՛ ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված խնդրի, թե՛ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության և ռուսական սպառազինության մատակարարման, թե՛ ռուսական գազի գնի հնարավոր բարձրացման և մի շարք այլ կարևոր խնդիրների մասին է:

Ռուսաստանցի փորձագետները, հղում անելով ապրիլյան իրադարձությունների օրերին, վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Կրեմլի հայտնած չեզոք դիրքորոշմանը,  հավաստիացնում էին լրագրողներին, որ Ռուսաստանըդեմ չէ նմանատիպ փոփոխություններին։ Ըստ նրանց՝ իրենք չեն պատրաստվում որևէ կերպ խանգարել դրան, նաև աջակցում են Հայաստանի ժողովրդավարցմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, բայց իրականում Ռուսաստանը ոչ միայն գործնական որևէ քայլով չի աջակցել այդ գործընթացներին, այլև ի տարբերություն Միացյալ Նահանգների, Եվրամիության, Եվրոպայի առաջատար երկրների՝ նույնիսկ ձևական հայտարարությամբ չողջունեց ընտրություններում արձանագրված առաջընթացն ու նոր՝ լեգիտիմ իշխանությունների ձևավորումը: Իհարկե, այն միտքը, որ Ռուսաստանը կարող է, ասենք, ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին, դատական համակարգի անկախացմանը, իրավական պետության ամրապնդմանը կամ մարդու իրավունքների պաշտպանությանը, անթաքույց ժպիտ է առաջացնում:

 

«Հայաստանը Ռուսաստանի ամենամտերիմ դաշնակիցն է»

«Ազգ» թերթի թղթակիցը հարցրեց Պուտինին, թե «ինչպե՞ս է Ռուսաստանը պատրաստվում վերականգնել քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ ընտրություններից հետո»։ Միտքն, իհարկե, հասկանալի է: Հայ լրագրողը հավանաբար նկատի ուներ,  թե ինչպե՞ս է Ռուսաստանի ղեկավարությունը պատրաստվում հարթել ապրիլ-մայիսյան «թավյշա հեղափոխությունից» հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև առաջացած որոշ հակասությունները կամ փոխըմբռնման որոշակի պակասը, կամ ինչպիսի՞ հարաբերություններ է Ռուսաստանն ուզում կառուցել Հայաստանի նոր իշխանությունների հետ: Այս հարցին Պուտինը պատասխանեց, որ վերականգնելու ոչինչ չկա, քանի որ չի էլ փլուզվել։

Լինելու են էական շտկումներ

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կարծում է, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն, իհարկե, ազդել են հայ-ռուսական հարաբերությունների և Հայաստանին Ռուսաստանի վերաբերմունքի վրա՝ հիմնականում այն պատճառով, որ Հայաստանի ղեկավարությունը փորձելու է լուրջ փոփոխություններ մտցնել այդ հարաբերություններում: Այդ փոփոխությունները սկզբունքային բնույթ չեն կրում, բայց լուրջ են այն առումով, որ Հայաստանը ավելի հետևողականորեն է պաշտպանելու իր ինքնիշխանությունը և ազգային շահը:

Մոտ ապագայում այլընտրանք չկա

Այն հարցին՝ Հայաստանի ներքին զարգացման ներկայիս տրամաբանության և դինամիկայի պահպանման պարագայում երկարաժամկետ, ռազմավարական հեռանկարում Ռուսաստանը կմնա՞ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, թե՞ Հայաստանն, այնուամենայնիվ, կթեքվի դեպի Արևմուտք:

Ի պատասխան՝ Նավասարդյանն ասաց, որ ինչքան էլ քննադատաբար ենք վերաբերվել նախորդ իշխանություններին, իրականում Հայաստանը «խորթ զավակ» էր ավտորիտար լիդերների եվրասիական ակումբում նաև մինչև հեղափոխությունը, և այն ժամանակ էլ Հայաստանը շատ էր տարբերվում եվրասիական ինտեգրման մյուս մասնակիցներից:

 

Աղբյուր՝  Առաջին Լրատվական

 

Like this post? Please share to your friends: