Սույն թվականի հուլիսի 2-ին, ժամը 23:10 սպանվել էր 1973 թվականին ծնված Անդրանիկ Հարությունյանը, ով հայտնի է որպես Անդո Խրոմոյ (Կաղ Անդո) կամ Մասիվցի Անդիկ:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է սպանության դեպքը:
Քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչների և ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկած անհետաձգելի քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Անդրանիկ Հարությունյանին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք պատճառել է ՌԴ Գրոզնի շրջանի 32-ամյա մի բնակիչ:

Վերջինս 2019թ. հունիսի 25-ին ՌԴ-ից ժամանել է Հայաստան և 2019թ. հուլիսի 3-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում ապօրինի ձեռք բերված հրազենի՝ ատրճանակի գործադրմամբ, կրակոցներ արձակելով՝ սպանել է Անդրանիկ Հարությունյանին:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում Հարությունյանի սպանությունը կազմակերպելու հարցում նրան օժանդակել է Երևան քաղաքի 50-ամյա տղամարդ, ով ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով:
ՌԴ Գրոզնի շրջանի 32-ամյա բնակիչը քրեական գործի շրջանակներում ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ քննչական կոմիտե