Կուլիչ, որը բոլորի մոտ է ստացվում

Կուլիչի համար անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • կաթ՝ 0.5լ
  • թթվասեր՝ 0.5լ
  • խմորիչ թարմ՝ 50գ
  • մարգարին՝ 1/3 տուփ
  • կարագ՝ 1/3 տուփ
  • ձեթ՝ 50մլ
  • ձու՝ 7 հատ, 2 սպիտակուցը թողնել ջնարակի համար
  • օղի՝ 50գ
  • շաքարավազ՝ 2 բաժակ
  • աղ՝ 0.5 ճ.գ.
  • վանիլին՝ 1տուփ
  • չամիչ՝ 200գ
  • ալյուր՝ 2.5-3կգ
  • շաքարի փոշի՝ 1 բաժակ

Գոլ կաթի մեջ լուծել խմորիչը, ավելացնել շաքարավազը, աղն ու թթվասերը, իսկ հետո՝ կարագն ու մարգարինը: Ավելացնել առանձին հարած դեղնուցներն ու սպիտակուցները:

Ալյուրը լցնել մաս-մաս և հունցել խմոր, որ չկպչի ձեռքերին: Խմորը պատրաստելու ընթացքում ավելացնել օղին, վանիլինն ու չամիչը: Խմորը հունցելու ժամանակ ձեռքերին ձեթ քսել, որ հեշտ լինի: Խմորը ծածկել սրբիչով և տաք տեղ դնել:

Խմորի հասունանալու ընթացքում պետք է այն մեկ անգամ կրկին հունցել: Խմորը պիտի մնա մոտ 4 ժամ:

Երբ խմորը պատրաստ լինի, այն հարկավոր է լցնել ձևավոր տարրաների մեջ, որոնց մեջ նախորոք մարգարին եք քսել: Խմորը պիտի զբաղեցնի տարրայի մոտ 1/3-րդ մասը, քանի որ թխվելու ժամանակ շատ է բարձրանում: Երբ խմորը բարձրանա գրեթե մինչև վերջ, դնել 190-200 աստիճան տաքացրած ջեռոցը:

Ջնարակը պատրաստել 2 սառեցրած սպիտակուցից և 1 բաժակ շաքարի փոշուց: Լցնել կուլիչների վրա:

Այսքան բաղադրիչներից ստացվում է 10-12 կուլիչ:

 

Like this post? Please share to your friends: