«Պարոն Էլոյանը (Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ-խմբ.) ասում է՝ պետությունն արձանագրված պարտավորություն ունի բնակարանի կարիք ունեցող 498 ընտանիքի վերաբերյալ և կան ևս 4000՝ տնակներում բնակվող ընտանիքներ, որոնց նկատմամբ պարտավորությունները փաստագրված չեն: Ինչո՞ւ փաստագրված չեն»,- Գյումրիում կառավարության արտագնա նիստի ժամանակ, դիմելով քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ հարցրեց Նիկոլ Փաշինյանը: «Դուրս են մնացել, որովհետև փաստաթղթեր չեն ներկայացրել, կամ հատկացված բնակարանը վաճառել են, մնացել են տնակի մեջ»,- ասաց Բալասանյանը: Վարչապետի պաշտոնակատարը շարունակեց, որ պետք է ձևավորվի աշխատանքային խումբ՝ ամբողջական տեղեկատվության փաթեթ ձևավորելու համար: Ավետիք Էլոյանն արձագանքեց, որ խնդիրը գումարն է: Փաշինյանի հարցին՝ ինչքա՞ն գումար, պատասխանեց՝ շատ: «ԿԲ նախագահը կամ ֆինանսների նախարարը գիտե՞ն՝ կարա՞նք շատ գումար տանք… գնահատական ա պետք, թիվ, ոչ թե՝ շատ: Ամեն ինչի համար էլ շատ գումար ա պետք»,- ասաց Փաշինյանը: Ավելի ուշ՝ կառավարության անդամների կողմից լսելով տարբեր գնահատականներ, վարչապետի պաշտոնակատարը նկատեց. «Ըստ էության, ոչ մի բան չգիտենք, գիտենք, որ 1988. դեկտեմբերի 7-ին ունեցել ենք երկրաշարժ, որի հետևանքները մինչև օրս վերացված չեն, բայց չգիտենք՝ ի՞նչ ծավալի աշխատանք ա մեզ անհրաժեշտ… Պետք է ձևավորվի աշխատանքային խումբ, որը պետք է պարբերաբար զեկուցի ինձ»:
Աղբյուր՝ Մամուլ.am