Լավագույն լուրը՝ ծառայության ընթացքում վիրավորում ստացած զինվորների համար. հայտնում է Վանեցյանը

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այցելել է «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոն։

Արթուր Վանեցյանը հայտնել է, որ հիացած է այդ հաստատությունով, նաև նվիրյալ աշխատակազմով: Նրանք օր ու գիշեր բարեխիղճ աշխատում են:

Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք ԱԱԾ-ի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում վերադարձված գումարներից կհատկացնեն այս կենտրոնին, ԱԱԾ տնօրենը նշել է, որ հետ բերված գումարներն ամբողջությամբ ուղղվելու են պետբյուջե: «Համապատասխան գերատեսչությունները որոշում կկայացնեն՝ տրամադրել այս կամ այն ծախսի համար, եթե կարիքը լինի՝ նաև այս հաստատության վերազինման և արդիականացման համար»,- ասել է Արթուր Վանեցյանը: Նա նաև նշել է, որ մեծ սիրով պատրաստ է ԱԱԾ-ում և Ֆուտբոլի ֆեդերացիայում աշխատանքի ընդունել այս կենտրոնում բուժվող տղաներին։ «Կարծում եմ՝ այդ համագործակցությունը մեզ մոտ կստացվի։ Այն զինվորները, սպաները, որոնք վիրավորում են ստացել ծառայության ընթացքում, կարող են աշխատանքը շարունակել ԱԱԾ-ում: Խոստանում եմ առաջիկայում և մշտապես այդ գործընթացը պահել հսկողության տակ՝ հնարավորինս շատ տղաների ներգրավելով Ֆուտբոլի ֆեդերացիայում և ԱԱԾ-ում աշխատանքի մեջ»,- ասել է Վանեցյանը։

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Like this post? Please share to your friends: