Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայլ Ալումյանը խոսել է Վերաքննիչ դատարանի որոշման մասին ու հիշեցրել.
-008թ. սահմանադրական կարգի տապալման մեղադրանք էր առաջադրված առավել ակտիվ մասնակից 7 հոգու՝ Ալեքսանդր Արզումանյան, Հակոբ Հակոբյան, Սուրեն Սիրունյան, Շանթ Հարությունյան և այլք: 2009-ին ՔՕ 300 հոդվածը փոխվեց ու սահմանադրական կարգի տապալումը նախատեսվեց այլ հոդվածով՝ 300.1: Այդ 7-ի նկատմամբ, փոփոխության արդյունքում, քրեական հետապնդումը դադարեցվեց, քանի որ 300.1 հոդվածը խստացնում էր անձի վիճակը, դրա համար էլ խուսափեցին պատասխանատվությունից: Քրեական հետապնդումից խուսափեց նաև մեր հարգարժան վարչապետ Նիկոլ Փաշինյանը… Հիմա մենք գտնում ենք, որ նույն ստանդարտը պետք է կիրառվի նաև պրն Քոչարյանի դեպքում,-ասել է Ալումյանը:
Նա անդրադարձավ նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցաքննությանը. «Ձևական հարցաքննություն է, թե՞ ոչ, կարծիք կհայտնեմ, երբ ցուցմունքը կկարդամ, իսկ դա տեղի կունենա, երբ նախաքննությունը կմոտենա ավարտին»:
Հարցին՝ կարո՞ղ է արդյոք Ռ. Քոչարյանը որևէ մեկի դեմ ցուցմունք տված լինել, ասաց. «Պարոն Քոչարյանը հայտարարել էր, որ այս մեղադրանքի պայմաններում ինքն ընդհանրապես ցուցմունք չի տալու և չի տվել»:
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում հնչեցրած իր հայտարարությանը՝ «Դուք պատկերացնո՞ւմ եք՝ եթե ես սկսեմ մեկնաբանել, թե ինչից է տեղյակ եղել պարոն Սերժ Սարգսյանը», Ալումյանը պարզաբանեց. «Պարոն Սերժ Սարգսյանին, բացի հեռուստացույցից ուրիշ ձև տեսած չկամ: Չեմ էլ հիշում՝ ինչ ձևակերպմամբ էր հարցը ու ես հարցին հարցով պատասխանեցի, թե պատկերացնո՞ւմ եք Ռ. Քոչարյանի պաշտպանը պատասխանի՝ ինչ գիտի Սարգսյանը, նկատի ունեի՝ ես ոչ ինֆորմացիա ունեմ, ոչ էլ իմ կարգավիճակից է բխում»: