Սառնարանը
(«Ծխացող կարոտ» գրքից)
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊’֊’֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
Միջանցքում հին ռուսական սառնարանն է` սպիտակ ներկը տեղ-տեղ թափված, մեծ ու փայլուն բռնակով։ Ոտքերը մանր են, բայց ամուր հենած մանրահատակին, երեքն են, չորրորդը չի էլ հիշում` երբ կորցրեց։ Հիշում է միայն, որ հոգատար տանտիրուհին` գյուղի բուժքույր Հասմիկ մայրիկը (հիմա արդեն Հասմիկ տատը), կոտրած ոտքը տեսնելով` մի էնպիսի աղմուկ բարձրացրեց, ասես իր ոտքն էր կոտրվել, ցավն էլ իրեն էր խեղճացնում։ Անմիջապես կանչեց ամուսնուն` անտառապահ Հենոյին, ցույց տվեց սառնարանի վիրավոր ոտքն ու հասկացրեց, որ էստեղ իր սովորական դեղահաբերը չեն օգնի, էստեղ տղամարդու կոշտ և ուժեղ ձեռքեր են պետք։ Սառնարանը թեպետ ցավից կքված էր, բայց իր նկատմամբ տերերի հոգատարությունից ջերմություն անցավ միջով, բարի ժպիտ սահեց մեծ դռնակին։ Հասմիկը միջից դատարկեց ուտելիքը` թասով կաթն ու մածունը, պանիրն ու կարագը։ Հենոն իրեն զգույշ պառկեցրեց միջանցքի հատակին, հեռացրեց կոտրած ոտքը, տեղը փայտից հենակ դրեց, և ինքը մինչև օրս այդ հենակի վրա ամուր հենված` ծառայում է իր տերերին։
Մի ժամանակ նուրբ էր երգում, համարյա անձայն, քթի տակ մի մեղեդի դնդնալով` օրն անցնում էր։ Տարիների հետ՝ իր տերերի ծերանալուն համընթաց, ինքն էլ մեծացավ, ձայնը կոշտացավ։ Հիմա արդեն գիշերները, երբ գյուղը հանգստանում է ցերեկվա ծանր աշխատանքից, երբ գիշերային գյուղի խորքերից միայն տեղ-տեղ բակի անքուն շների հաչոցն է լսվում, մեկ էլ գոմերում վատ երազից արթնացած կովերի մայրական բառաչն ու գառների անուշ մկկոցը, այդ սիմֆոնիա-համանվագը պարբերաբար ընդհատում է ինքը։ Գիշերը մի քանի անգամ քնից արթնանում, մի լավ թպրտում է, զնգզնգացնում միջի եղած թասերը և կոշտ, խռպոտ հազալուց հետո որոշ ժամանակ քթի տակ մի հին մեղեդի է ղռղռում։ Մեղեդու ձայնը թանձր մթության մեջ առնում են նաև հարևան գյուղացիք, բայց ըմբռնումով են մոտենում. «Դե՛, տարիքն առած սառնարան է…»:
Ինչի՞ մասին է սառնարանի մեղեդին։ Գուցե այն հին ու բարի օրերի՞, երբ Հասմիկի ու Հենոյի զավակներն այդ տանն էին ապրում, և տան պատերն էլ իր հետ անթաքույց հրճվանքի մեջ էին իրար սիրող մարդկանց եռուզեռից։ Երևի այն օրերի մասին է մեղեդին, երբ ամեն առավոտ՝ լուսաբացից առաջ ,Հասմիկն իր միջից հանում ու սեղանին էր շարում ամուսնու նախաճաշը, սիրով կերակրում նրան և ճանապարհում գոմ, երբ երկու որդիներին ու դստերը դպրոց ճանապարհելու համար մայրը միջանցքով սենյակից սենյակ էր անցնում, երկար ժամանակ նրանց արթնացնելու անհույս փորձեր անում։ Գազօջախին ձվածեղի թշշոցն էր, եռացող թեյնիկի անհանգիստ վայնասունը։ Հասմիկը գիշերն արդուկած հագուստները տանում էր երեխաների սենյակները, խնամքով փռում մահճակալների կողքի աթոռներին։ Սառնարանն ականատես էր լինում, թե ինչպես էր որդիների գուլպաները պահարանից հանելով` Հասմիկը հերթով քաշում էր ձեռքերին, մեկ անգամ էլ ստուգում դրանց անվնաս լինելն ու խնամքով դնում զավակների մահճակալների կողքին՝ հենց հատակին, որ արթնանալուն պես ոտքերը հատակին դնելով`տեսնեն, հագնեն։ Սենյակներից սառնարանը լսում էր Հասմիկի անհանգիստ խոսքերը. «Ա՛յ տղա, հերիք ա քնես, վե՛ր կաց, ա՛յ աղջիկ ջան, ախր ասում եմ գիշերն էդքան երկար մի կարդա, չես կարողանում ժամանակին արթնանալ, դե վե՛ր կաց, ուշ է»:
Քիչ անց դպրոցական երկու տղան ու միակ աղջիկը, քնաթաթախ հագնվելով, սառնարանի աչքի առաջ միջանցքից մեկ հյուրասենյակ էին անցնում՝ տետրներն ու գրքերը վերցնելու, մեկ սառնարանի կողքի դռնով զուգարան էին մտնում, մեկ` միջանցքի մյուս եզրի բաղնիք, ապա խոհանոց ու էնտեղից էլ դպրոց։ Սառնարանը սիրում էր, երբ առավոտյան ինքն ու Հասմիկը համեղ կերակրում էին Հենոյին ու զավակներին։ Սիրում էր, երբ դասից տուն վերադարձած երեխաներին ,,մայրություն,, էր անում, մինչև Հասմիկն այգուց տուն կգար։ Իր մեծ ու փայլուն բռնակով բացվում էր երեխաների առաջ, բուռումի մեջ դնելու պանիր ու կանաչի էր տալիս, որ դիմանային, մինչև Հասմիկը գար, իր ներքևի հարկից հաներ ու գազօջախին դներ նախապես եփած անուշաբույր ճաշը։
Սառնարանը ծերացել էր ու ինչպես բոլոր տարեց մարդիկ ՝ ավելի զգայուն էր դարձել։ Հիմա տանը երեքով են` ինքը, Հենոն ու Հասմիկը։ Հիմա է՛լ առաջվա առատությունը չկա իր հարկերում, երեք հոգու կերակուր է պահում միայն։ Բայց էն ժամանակ…, հեյ գիտի ժամանակներ, ներսում եղած ուտելիքի ծանրությունից կքվում, բայց այնքան ուրախ ու երջանիկ էր։ Իր մեջ էր սառեցրել ու հյուրերին մատուցել Արամիկի և Սարգսի բանակ ճանապարհելու քեֆի կերակուրն ամբողջ գյուղի համար, իր մեջ էր պահել Անահիտի 20-ամյակի գեղեցիկ տորթն ու այդ օրը քաղաքից նրան խնամախոս եկածների կերակուրը։ Խնամիներին մի նորմալ չտեսավ, միայն փեսայի Կալինինգրադից եկած հորաքույրը` լայնեզր գլխարկով ու անխնա շպարված դեմքով, մի անգամ բացեց սառնարանի դռնակն ու բարևեց, նայեց հարկերի մթերքն ու գնաց։ Սառնարանը տարիների փորձ ուներ, հասկացավ, որ հորաքույրը հարսին ստուգելու, նաև սառնարանի եղածով նրան գնահատելու պրպտումների մեջ էր։
Հիմա մնացել են երեքով։ Երեխաներն արդեն վաղուց մեծացել, ամուսնացել ու քաղաքում են ապրում։ Ինքը` սառնարանը, ծնողներից ավելի է կարոտում նրանց։ Ախր Հենոն ու Հասմիկը տարբեր առիթներով երբեմն էլ գնում են քաղաք, տեսնում նրանց, կարոտներն առնում։ Իսկ ինքը մենակ ու տխուր պիտի սպասի ամբողջ տարին, մինչև նորից ամառը գա, որ Արամիկն ու Սարգիսը իրենց կանանց հետ, Անահիտն` ամուսնու, և բոլորն իրենց փոքրիկ երեխաներով` Հենոյի ու Հասմիկի սիրելի թոռնիկներով, գան, մի քանի ամիս արթնացնեն գյուղի տունը, երգեն ու երգեցնեն նրա պատերը, նորից աշխուժություն ու խինդ մտցնեն սառնարանից դու՛րս էլ, սառնարանից նե՛րս էլ։ Արժե ամբողջ տարին մենության ու լռության մեջ համբերել՝ ամռան ամիսներին այդ երջանկությունն ապրելու համար։ Գյուղի թարմ կաթ ու մածունով, պանրով ու կարագով, մեղրով ու թարմ մսով, նաև քաղաքից բերված ինչ-որ գունավոր փաթեթներով անհասկանալի, բայց հոտավետ ուտելիքներով ծանրաբեռնված` տարեց սառնարանը հյուրասեր տանտիրոջ նման, առանց հոգնելու, ամբողջ օրը դռնակի բացվելուն պես վառում էր ներսի լույսը և բոլորին ժպտալով բարի, համեղ դեմքով, չփարատված կարոտով՝ ողջունում, մի երկու բառ խոսեցնում, կերակրում էր։
Հետո նորից վաղահաս աշուն, անձրև, արդեն սառչող երեկոներ։ Նորից բոլորը քաղաքում գործեր, դասեր ունեն։ Նորից հրաժեշտի տխուր ժամեր, իրերի անսիրտ ու անհավես հավաք, նորից Հասմիկ տատն ու Հենո պապը սառնարանի ու նկուղի գրեթե ամբողջ սննդամթերքը փաթեթներով ու պարկերով բաժանում էին զավակներին, ճանապարհում քաղաք։ Արամիկը, Սարգիսն ու Անահիտը, ասես սրտի կանչով, գնալուց առաջ անպայման գալիս, բացում էին սառնարանի դռնակը, ժպտում վառվող դեղին լույսին, հրաժեշտ տալիս, փոքրիկ հացով մի կտոր մածուն, պանիր կամ կարագ համտեսում սառնարանի հյուրասիրությունից և հեռանում էին: Դե սպասի մինչև մյուս ամառ։
Նորից մնում են երեքով, երեք տարեց գյուղացի։ Իրար հետ կռվելով, իրար սիրելով, մեկմեկու նազուտուզը քաշելով, իրար համար հոգ տանելով` գլորում են ամիսները։ Սառնարանը զգում է, որ տարիներն իրենցն անում են, շատ է ծերացել, առողջությունն էլ արդեն այն չէ, երբեմն դավաճանում է. Մեկ տեսար լույսը չի վառվում, մեկ էլ՝ մեղեդին չի միանում, առաջվա պես լավ չի սառեցնում։ Բայց վերջին ուժերը հավաքելով` ինքն իրեն ձգում, թափ է տալիս, խելքի գալիս։ Ախր Հենոյին ու Հասմիկին մենակ թողնել չի կարող, նրանք առանց իրեն ի՞նչ պիտի անեն։ Նրանք էլ ախր իրեն են սիրում։ Վերջին անգամ լսեց Արամիկի խոսքերը. <<Մա՛մ, մի նոր սառնարան գնեմ, քաղաքից ուղարկեմ, ձերը շատ է հին»: Հասմիկը նեղվեց` ասելով. «Չէ, բալե՛ս, մեր սառնարանը մեզ լրիվ բավարարում է, թող մնա»: Սիրտը լցվեց, ուզեց գրկի Հասմիկին ու սեղմի իր հին, ներկաթափ դռնակին, բայց չկարողացավ մոտենալ, ախր Հենոն մի ոտքի փոխարեն փայտ էր դրել։
Կմնա, կմնա ու կաշխատի այնքան ժամանակ, քանի դեռ Հենոն ու Հասմիկը գյուղում են։ Աստված նրանց երկար կյանք տա, քանի որ նրանցից հետո ինքն էլ ոչ-ոքի պետք չի լինելու, նրանցից հետո իր ապրելն էլ ու՞մ է պետք, լավագույն դեպքում գոմում կդառնա մի անշունչ ու անհոսանք պահարան։
Սառնարանը մթության մեջ խորը շունչ քաշեց, քնից արթնացածի պես թպրտաց, զրնգացրեց միջի թասերն ու կոշտ գռգռոցով խախտեց գիշերային գյուղի թանձր լռությունը…
-Ժամը քանի՞սն է,- կողքի սենյակում՝ անկողնում պառկած, մթության մեջ թույլ, դողդղացող ձայնով հարցեց Հենո պապը` առանց շարժվելու։
-Դեռ վաղ է, քնի՛ր, հանգիստ քնի՛ր։ Ժամը գա, կարթնացնեմ։
Հասմիկ տատն անկողնում շրջվեց դեպի ամուսինը, վերմակը քնքշորեն բարձրացրեց նրա թևերի վրա և ձեռքը դրեց նրա ճակատին՝ ինքն իրեն մտմտալով. «Ամբողջ օրն անձրև էր, մրսած չլինի՞…»:
Հեղինակ՝ Մուշեղ Բաբայան