«Իմ քայլը» դաշինքը որոշել է խորհրդարանի ղեկավար կազմի իր թեկնածուներին՝ ԱԺ նախագահ, փոխնախագահներ, հանձնաժողովի նախագահներ: Խորհրդարանի ղեկավար կազմում ընդդիմությանը հասանելիք փոխնախագահի մեկ տեղի իր թեկնածուին հայտարարել է նա և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Այդ թեկնածուն Մանե Թանդիլյանն է: Մյուս ուժը, որը ևս ընդդիմության տիրույթում է՝ «Բարգավաճ Հայաստանը», դեռ չի հայտարարել իր թեկնածուի անունը, ասելով, թե դա կանի առաջիկայում: Կներկայացնի՞ ԲՀԿ-ն իր թեկնածուին, թե՞ ոչ: Հարցը իսկապես հետաքրքիր է և բավականին հատկանշական կարող է լինել առաջիկա ներքաղաքական զարգացումների, առնվազն դրանց խորհրդարանական տիրույթի առումով: Խոսքը, իհարկե, միայն ԲՀԿ թեկնածու ներկայացնել-չներկայացնելու մասին չէ, այլ ընդհանրապես այն հարցի, թե ո՞ր թեկնածուին է հակված լինելու քվեարկել «Իմ քայլը» դաշինքը: Եվ այդ համատեքստում էլ, արդյո՞ք «Բարգավաճ Հայաստանը» կփորձի ճշտել դաշինքի հնարավոր տրամադրվածությունը՝ հասկանալու համար թեկնածու առաջադրելու հանգամանքը, այսինքն՝ արժե՞ առաջադրել, թե՞ նա կարող է չընտրել և այդ դեպքում ԲՀԿ-ն ավելի նպատակահարմար կդիտարկի «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածուին չպարտվելու համար հրաժարվել մասնակցությունից ընդհանրապես:
Մյուս կողմից, այստեղ կա մեկ այլ նուրբ պահ: Եթե «Բարգավաճ Հայաստանն» առաջադրում է իր թեկնածուին և քվեարկության արդյունքում նա պարտվում է «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածու Մանե Թանդիլյանին, ապա «Բարգավաճ Հայաստանն» այս դեպքում կարող է խաղարկել նա և այն հանգամանքը, որ մեծամասնությունը քվեարկել է «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածուի օգտին և ուրեմն իրենք են իրական ընդդիմությունը, այլապես մեծամասնությունը դեմ չէր քվեարկի իրենց թեկնածուին: Իհարկե, այս հանգամանքը խաղարկել հնարավոր է կարճաժամկետ, որովհետև, ի վերջո, խորհրդարանում աշխատանքն է ցույց տալու, թե ով է ավելի արդյունավետ ընդդիմության, հակակշռի համար պայքարում, այդ կարգավիճակում հանրության հավանությունը կամ վստահությունը ստանալու համար պայքարում: Որովհետև, ի վերջո, կապ չունի, թե ով է իրեն հռչակում ընդդիմություն, իսկ մյուսին՝ կեղծ ընդդիմություն, միևնույն է, վճռորոշը լինելու է այն, թե հանրությունն ում է հավատալու: Իսկ այդ հարցում խաբել հանրությանը, առավել ևս հիմա, հնարավոր չէ: Սրանով հանդերձ, մյուս կողմից էլ, «Բարգավաճ Հայաստանն» ունի հնարավոր «պարտությունը» խաղաքարտի վերածելու կաշկանդող հանգամանք: Ի վերջո, ԲՀԿ ներկայացուցիչը՝ 2017 թվականի խորհրդարանի մեծամասնությամբ՝ ՀՀԿ մեծամասնությամբ ընտրվել էր ԱԺ փոխնախագահ: Այդ իմաստով, փոխադարձ մեղադրանքների վրա խաղալը լինելու է թերևս ոչ էֆեկտիվ և կարող է անգամ կատարել բումերանգի դեր:
Ըստ այդմ, թե՛ ԲՀԿ-ի, թե՛ «Լուսավոր Հայաստան»-ի համար շատ ավելի կարևոր է օգտագործել մրցակցության առիթը հանրությանը բովանդակային առումով ներկայանալու համար, այդ հարթության վրա միմյանց հետ մրցակցելու համար: Իհարկե, քվեարկողը այս դեպքում լինելու է ոչ թե հանրությունը, այլ այդ հանրության 70 տոկոսից ավելի վստահությունը ստացած «Իմ քայլը» դաշինքի 88 պատգամավորով խմբակցությունը, բայց միևնույն է, քաղաքական պայքարի տրամաբանության մեջ մրցակցությունը հանրության առաջ է, երկարաժամկետ առումով հանրության վստահության համար: Ինչ վերաբերում է «Իմ քայլը» դաշինքին, ապա այստեղ, իհարկե, դաշինքը կանգնում է բավականին ուշագրավ ընտրության առաջ, եթե ԲՀԿ-ն ևս առաջադրում է փոխնախագահի թեկնածություն: Ո՞ր ուժի թեկնածուին է ընտրելու «Իմ քայլը»: ԲՀԿ-ն երկրորդն է ներկայացվածության չափով, սակայն դա կանխորոշիչ հանգամանք չէ:
Միաժամանակ հստակ է նաև, որ ընտրությունը լինելու է թեկնածուների դեմքով, սակայն, այդուհանդերձ, արտահայտելու է մեծամասնության քաղաքական դիրքավորում ուժերի հանդեպ: Միևնույն ժամանակ, կոնկրետ քաղաքական ուժերի հանդեպ դիրքավորում ներկայացնելով հանդերձ, խնդիրն արտացոլելու է նա՝ և՛ որոշակիորեն քաղաքական հեռանկարների, և՛ համակարգի զարգացման առնչությամբ առավել կոնցեպտուալ մոտեցումների, այսպես ասած, առկայությունը, և՛ ուղղվածությունը: Իհարկե, հարցը առնչվում է խորհրդարանի ղեկավար կազմում մեկ տեղին, որը զուտ ազդեցության կամ ֆունկցիոնալության իմաստով ամենևին վճռորոշ չէ, սակայն, այդուհանդերձ, քաղաքական իրավիճակ է, որը, ինչպես ցանկացած մեծ կամ փոքր իրավիճակ քաղաքական ուժի համար հանրությանն ուղղված, կամա թե ակամա, մեսիջ է: Այդ տեսանկյունից էլ հետաքրքիր է, թե այդ հարցում ինչպիսի մեսիջ է հղելու մեծամասնությունը: Միաժամանակ հետաքրքիր է լինելու նաև այդ իմաստով «Իմ քայլը» դաշինքի ներսում առկա տրամադրվածությունների ուրվագծումը, հատկապես հաշվի առնելով այն, որ դաշինքը, որպես ուժ, իհարկե, միատարր չէ, և դա, ըստ էության, ամենևին էլ թերություն չէ ու կարող է դառնալ առավելություն:
Աղբյուր՝ Առաջին Լրատվական