Թավշյա հեղափոխության խորհրդանշական հավաքականի մարզիկները

2018 թվականին մեր երկրում տեղի ունեցած գլխավոր իրադարձություններից էր մայիսին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը, որին մասնակցեցին նաև մարզաշխարհի ներկայացուցիչները: Մասնավորապես, համաժողովրդական շարժմանը իրենց աջակցությունը հայտնեցին մի շարք անվանի մարզիկներ, ինչը լրացուցիչ խթան հանդիսացավ վերջնական հաղթանակի հասնելու գործում: Ամփոփելով 2018 թվականը՝ տեսնենք, թե որ մարզիկներ են ընդգրկվել «հեղափոխական հավաքականում»: Շարժմանն առաջինը աջակցություն հայտնեցին Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, նախին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը և կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը: Օրեր անց հրաժարական տալով՝ ժողովրդին միացավ նաև սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Հանրապետության հրապարակում տեսանք նաև հայտնի մարզիկներ՝ ծանրորդներ Նազիկ Ավդալյանին, Հռիփսիմե Խուրշուդյանին, Սիմոն Մարտիրոսյանին, Գոռ Մինասյանին, ըմբիշ Մաքսիմ Մանուկյանին և այլոց: Հիշարժան էր նաև այն դրվագը, երբ Ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը առաջնությունում իր շահած մեդալը Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ նվիրեց «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանին։

Տարբեր ժամանակահատվածներում հեղափոխական գործընթացներում նշանակալի է եղել հեղինակություն ունեցող մարզիկների մասնակցությունը: Ամենավառ օրինակները Ուկրաինայում և Վրաստանում տեղի ունեցած հեղափոխություններն են: Այսօր Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետը հայտնի բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն է, որը եղբոր՝ Վլադիմիր Կլիչկոյի հետ ակտիվ մասնակցություն ունեցավ համաժողովրդական շարժմանը: Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնն էլ զբաղեցնում է ֆուտբոլի Վրաստանի հավաքականի նախկին ավագ, «Միլանի» պաշտպան Կախա Կալաձեն: Վերջինս, 2012 թվականին հրաժեշտ տալով ֆուտբոլին և մուտք գործելով քաղաքականություն, դարձել էր ընդդիմադիր «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներից մեկը: Այս կուսակցության կազմում նա դարձել էր խորհրդարանի պատգամավոր: Այնուհետև Կալաձեն նշանակվել էր Վրաստանի էներգետիկայի նախարար: Ի դեպ, Կալաձեի նախարար լինելու ժամանակահատվածում կառուցել են 18 հիդրոէլեկտրակայաններ: Ավելին, Կալաձեին Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքում զեղչվել է Վրաստան մտնող գազի սակագինը: Այսօր մեր երկրում ընդդիմության առաջնորդների շարքերում չկան Կլիչկոյի կամ Կալաձեի «կալիբրի» քաղաքական գիտակցության և ինտելեկտով օժտված մարզիկներ: Բայց այն, որ քաղաքական և հասարակական գործընթացներում նկատելի են մարզաշխարհի ներկայացուցիչներ՝ արդեն իսկ ողջունելի է:
Պետք է արձանագրենք, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության լուսավոր կողմերից է հենց մարզաշխարհի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը: Ժողովրդական շարժումներ անկախ Հայաստանի պատմության մեջ շատ են եղել:

Այդ շարժումներում, սակայն, ըստ էության նկատելի չեն եղել հայտնի մարզիկներ, որոնք իրենց հեղինակության շնորհիվ կարող էին հաղթանակի խթան հանդիսանալ: Ավելին, ինչպես մշակույթի ներկայացուցիչների զգալի մասը, այնպես էլ մարզիկները, որպես կանոն, սատարում էին իշխանական թեկնածուին՝ մասնավորապես Հանրապետական կուսակցությանը: Մայիսին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը իրական հեղափոխություն էր հայկական մարզաշխարհում: Սա հիանալի նախադեպ է հետագայում մեր երկրում տեղի ունենալիք քաղաքական և հասարակական շարժումների համար: Շատ են հնչում սպորտը չքաղաքականացնելու մասին կոչեր և հորդորներ:

Կրկին անգամ պետք է ընդունենք, սակայն, որ մարզիկն առաջին հերթին քաղաքացի է և պարտավոր է որևէ կերպ արձագանքել իր հայրենիքում տեղի ունեցող կարևորագույն զարգացումներին: Ավելին, ի տարբերություն այլ ոլորտների՝ սպորտում շատ ավելի մեծ և սուր է մրցակցությունը: Ուստի, մարզիկների մոտ ձգտումը և մոտիվացիան շատ ավելի զարգացած է:

 

Աղբյուր՝  Առաջին Լրատվական  

Like this post? Please share to your friends: