Ես հավատում էի, որ ինձ չեն լքի

Ես 11 տարեկան էի, երբ հայրս մահացավ…և մայրիկս չկարողացավ առանց նրա: Անկեղծ ասած, մայրս ոչինչ չէր կարողանում առանց հորս: Նա մեր հուսալի հենարանն էր, ես կյանքս չէի պատկերացնում առանց հորս, և հավանաբար՝ մայրս նույնպես: Հաջորդ օրվանից նա սկսեց խմել, և ես այլևս նրան սթափ վիճակում այդպես էլ չտեսա:

Ժամանակին մենք լավ ընտանք էինք, ամեն ինչով ապահովված: Ես ամեն ինչ ունեի՝ խաղալիքներ, հագուստ և ամենակարևորը՝ ծնողական սեր:

Իսկ հիմա, կտրուկ ամեն ինչ վերացավ. խաղալիքներս անպիտան դարձան, իսկ իրերս մաշվեցին: Տանը եղած ամեն մի արժեքավոր ապրանք մայրս վաճառել և խմիչք էր գնել: Հետո անջատեցին մեր ջուրն ու լույսը: Ես մի անգամ էի սնվում՝ դպրոցում, տիկին Հասմիկը՝ իմանալով իմ պատմությունը,  ինձ մի քիչ ավել ուտելիք էր տալիս: Լողանում էի ընկերուհուս տանը:

Իսկ հետո ընկերուհիներիս ծնողներն արգելեցին, որ նրանք ինձ հետ շփվեն: Դպրոցում ինձ ծաղրում էին, ոչ ոք անտարբեր չէր իմ նկատմամբ: Բայց ես տենչում էի այդ անտարբերությանը:

Ընթացքում մեզ հետ կապն ընդհատեցին նաև մեր ընտանիքի ընկերները, երբ հորս քառասունքին տեսան, թե մայրս և մեր տունն ինչ վիճակում է:

Մայրս սկսեց իրեն ոչ ադեկվատ պահել. ծեծում էր ինձ և գոռում, այդպիսի օրերին ես փախչում էի տնից, թափառում էի փողոցներով:

Հետո դադարեցի դպրոց գնալ, սկսեցի կռվել և ծխել: Ես գիտակցում էի, որ առանց կրթության չի կարելի, բայց այլևս չէի ուզում դպրոց գնալ, մեջս մի բան կոտրվել էր: Ընթացքում փողոցում ծանոթացա ինձ նման ուրիշ երեխաների հետ՝ կոտրված և դժբախտ:

12 տարեկանում հավատում էի, որ ինձ կօգնեն, կտանեն գիշերօթիկ դպրոց, կամ մանկատուն, բայց ես ոչ ոքի չէի հուզում:

Մի օր էլ  եկա դպրոցում գիշերելու, պահակը թույլ տվեց մարզասրահում քնել: Առավոտյան տարավ ինձ դասղեկի մոտ, իսկ նա՝ դպրոցական հոգեբանի: Ինձ ասում էին, որ պիտի սովորեմ, վերադառնամ տուն, խելք հավաքեմ…

Դեռ որոշ ժամանակ շարունակեցի գիշերել դպրոցում, շնորհակալ եմ պահակին, ուտում էի ճաշարանում, լողանում՝ դպրոցի լվացարանում: Կռվում էի դասարանցիներիս հետ, խնդրում էի ինձ մանկատուն տանել, բայց ինձ ոչ ոք չէր լսում:

Այդպես շարունակվում էր, մինչև որ դպրոցի տնօրենը հայտնաբերեց ինձ մարզասրահում: Նույն օրը ես հայտնվեցի մանկատանը: Դեռ մի շաբաթ նա գալիս էր ինձ այցելության: Նոր դասարանցիներիս հետ շատ շուտ լեզու գտա, ընկերացա իրենց հետ: Մինչև հիմա էլ նրանց հետ կապ ենք պահպանում:

Դա իմ կյանքի բարդ շրջանն էր, բայց ես դիմացա. հիմա համեմատաբար առողջ եմ, բարձրագույն կրթություն եմ ստանում, աշխատում եմ:

Իսկ սա գրել եմ նրա համար, որ մարդիկ չքննադատեն այն երեխաներին, ինչպիսին ես եմ եղել, նրանք չեն այդպիսի կյանք ընտրել: Թե նրանք ինչ մարդ կդառնան՝ կախված է մեծերից, կամ մեկ ոչ անտարբեր մարդուց…

 

Աղբյուր՝ Առաջին Ինֆո

Like this post? Please share to your friends: