Մեծ երկրաշարժից առաջ Վարդանը Մոսկվայում մտավորական շրջաններում Արցախյան հարցի բացատրական աշխատանքով էր զբաղված: Եվ երբ մեծ աղետն եղավ, Մոսկվայից Երևան գալով` տուն էլ չմտավ, անմիջապես գնաց Լենինական:
Մոսկովյան մի շարք թերթեր գրեցին Վարդանի Լենինականյան օրերի մասին: 18 օրում Վարդանը փլատակներից հանեց 18 մարդ: 18 հոգի դրանից հետո վերստին կյանք ստացան, որոնցից մեկը հղի կին էր, որ ուր որ է ծննդաբերելու էր: Ուղարկեցին Վանաձորի ծննդատուն:
Տուն գալով` մորը պատմում էր սարսռելի բաներ, որ որոնման աշխատանքների ժամանակ էին կատարվել: Առավել շատ նրան ազդել էր, երբ փլատակները քանդելիս` Նոր տարվա պատրաստություն տեսած ուտելիքներ, միրգ ու աղանդեղեն էր թափվում: Մարդիկ միամտորեն պատրաստվում էին տոնի, չիմանալով, որ առջևում մահացու աղետն է սպասվում:
Եվ մի գիշեր շատ հոգնած էր, մի քիչ հանգստանամ, ասաց: Քնելու տեղ չկար, մտավ մի դագաղի մեջ, կափարիչը ծածկեց, որ տաք լինի ու քնեց: Առավոտյան դագաղը վերցրին, որ տանեն թաղելու. ներսից ձայն լսվեց.
-Կենդանի եմ, սպասեցե՛ք…
Մարդիկ ասես վայրենացել էին: Հոգևոր որևէ երևույթ, մշակույթ, գիրք` արդեն օտար էր դարձել նրանց համար: Ահա մի տեղ խարույկ են արել, գրքեր էլ էին վառում: Նկատեց հայկական ճարտարապետական մի հին, արժեքավոր գիրք: Նման բանը չէր կարելի տաքանալու համար կրակին տալ:
Աղբյուր՝ ՏԵՂԵԿԱՏՈՒ