Նիկոլ Փաշինյանն այժմ գտնվում է Դավոսում: Վարչապետն այնտեղ մեկնել է աշխատանքային այցով:
Հունվարի 23-ին նա մասնակցել է «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագրով թեմատիկ քննարկմանը: Հիմնական թեմաներից մեկը՝ հայկական ԶԼՄ-ների գործունեությունն էր և մամուլի ազատությունը:
Նիկոլ Փաշինյանն ասել է.
—Գիտեք՝ ես իրականում լրագրող եմ, թերթի գլխավոր խմբագիր և նախկին քաղբանտարկյալ։ Բայց այժմ կարող եմ ասել, որ Հայաստանում լրատվությունն այսօր ավելի ազատ է, քան երբևէ։ Այդուհանդերձ, ոչ բոլոր լրագրողներն են համաձայն ինձ հետ, որովհետև կարծում են, որ չափազանցություն է այն միտքը, որ Հայաստանում լրատվությունը լիովին ազատ է, սակայն ես կարող եմ պնդել դա։ Եվ գիտեք՝ կարծում եմ նորմալ է, որ լրատվության և կառավարության կապը պետք է որոշակիորեն լարված լինի, որովհետև տեսնում ենք, որ այժմ ամբողջ աշխարհում ցածր վստահություն կա կառավարության կարողությունների հանդեպ, և դա կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ այժմ հասարակության բոլոր անդամներն ավելի շատ բան գիտեն բարձրաստիճան պաշտոնյաների մասին, քան նախկինում։Որովհետև ամեն մանրուք կարող է ազդել մարդկանց հավատքի վրա՝ քաղաքական գործիչների, նախարարների հանդեպ և այլն, և այլն:
Վարչապետը նշել է, որ միայն կառավարությունների լիակատար թափանցիկությունը կբարձրացնի կառավարության նկատմամբ վստահության մակարդակը:
Աղբյուր՝ lurer.com