Այսօր մարտիմեկյան ողբերգական իրադարձությունների 11-րդ տարելիցն է: 2008թ.-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող քաղաքացիների շուրջօրյա խաղաղ հավաքը մարտի 1-ի առավոտյան ընդհատվեց ոստիկանական ուժերի հարձակմամբ։ Իսկ Մյասնիկյանի արձանին հարող տարածքում զոհվեց ՀՀ 10 քաղաքացի:
Իրադարձությունները սկսել էին ակտիվորեն զարգանալ փետրվարի 20-ից, երբ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն Ազատության հրապարակում հիմնեցին շուրջօրյա ճամբար և սկսեցին կազմակերպել հանրահավաքներ, բողոքի այլ գործողություններ: Ցուցարարները չէին ընդունում ընտրությունների արդյունքները և պնդում էին, որ նախագահ է ընտրվել Լ. Տեր-Պետրոսյանը:
Վերջինս վստահեցնում էր, որ բանակը դուրս չի գա ժողովրդի դեմ՝ վկայակոչելով այն փաստը, որ ինքն աջակցություն է ստանում պաշտպանության երկու փոխնախարարներից։
Սերժ Սարգսյանը բողոքի ակցիաները համարում էր շանտաժ՝ սպառնալով կիրառել ուժ բոլոր նրանց հանդեպ, ովքեր կխախտեն օրենքը: Փետրվարի 23-ին ցուցարարների թիվը հասավ 50.000-ի։ Ռոբերտ Քոչարյանն ընդդիմությանը մեղադրում էր իշխանությունը զավթելու փորձերի մեջ և կոչ անում գործող կառավարությանը ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ կարգուկանոն պահպանելու համար։
Փետրվարի 29-ի գիշերն Ազատության հրապարակում վրանների թիվն արդեն գերազանցում էր 130-ը, շուրջօրյա ցույցերը շարունակվում էին։ Ցերեկը կազմակերպված երթին մասնակցել էր շուրջ 100.000 մարդ։
Մարտի 1-ի առավոտյան, ժամը 6։30-ին ՀՀ ՆԳՆ և նրանց աջակցող ուժերը, անսպասելիորեն հարձակում գործելով Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների վրա, դաժան կերպով ցրեցին նրանց: Տասնյակ անձինք ստացան ծանր վնասվածքներ, ավելի քան 100-ը ձերբակալվեցին:
Ցուցարարները հավաքվեցին Երևանի կենտրոնում, որը որոշ ժամանակ անց մարտադաշտի վերածվեց: Լսվում էին կրակոցներ, այրվում մեքենաներ, շտապօգնության մեքենաները վիրավոր քաղաքացիների են տեղափոխում հիվանդանոցներ։ Զոհվեց 10 պահանջատեր քաղաքացի:
Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խմբի 2 անդամներն ավելի ուշ հրապարակեցին զեկույց, որը հաստատում էր մարտի 1-ի իրադարձություններին բանակի ներգրավվածության փաստը։
Համաձայն զեկույցում տեղ գտած ձեւակերպումների՝ մինչեւ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից 2008 թ.-ի մարտի 1-ին արտակարգ դրության մասին հրամանագրի ընդունումը, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի 0038 հույժ գաղտնի հրամանով բանակային ստորաբաժանումներն արդեն իսկ տեղակայված են եղել մայրաքաղաքում՝ այս կերպ ներգրավված լինելով ներքաղաքական իրադարձություններում։ Զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ կենտրոնացվել են Երեւանում եւ նրա մերձակայքում՝ մասնավորապես Չարբախի զորահավաքակայանում, Բալահովիտի զորամասում եւ բանակի մարզաբազայում։
Նշենք, որ մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խումբը լուծարվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2009 թ.-ի հունիսի 6-ի հրամանագրով։
Անցած տասնամյակում 2008թ. մարտի 1-ի գործով դատավարություններ են տեղի ունեցել, առանձին դեպքերով կայացվել են դատավճիռներ, մարդիկ են դատապարտվել, սակայն պարզ է, որ արդարադատությունը կարող է միայն այսօր գործել, իրական հանցագործների գերակշիռ մեծամասնությունը դեռեւս ազատության մեջ է:
2018-ի մայիսից հետո 10 տարուց ավելի ընթացող քրեական գործը նոր թափ ստացավ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց 2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով, նրանից բացի քրեական գործում ներգրավվեցին նաև այլ պաշտոնատար անձինք։ «Մարտի 1»-ի գործով հարցաքննվել են ՀՀ առաջին նախագահ Լեւոն տեր-Պետրոսյանը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը եւ այլոք:
Այսօր, ժամը 18.30-ին երթ կանկացվի Ազատության հրապարակից՝ Մյասնիկյանի հուշարձան: Ինչպես հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երթը ուղղված է լինելու ընդդեմ բռնության, ընդդեմ ընտրակեղծիքների, ընդդեմ կոռուպցիայի, ընդդեմ ապօրինությունների, նաեւ հարգանքի տուրք է լինելու 2008 թվականի մարտի 1-ի 10 զոհերին եւ ընդհանրապես քաղաքական բռնության բոլոր զոհերին: