Ես ու ընտրյալս միմյանց շատ էինք սիրում, սակայն նրա ծնողները, չգիտես ինչու, ինձ չընդունեցին: Արդյունքում մենք ամուսնացանք՝ հաշվի չառնելով նրա ծնողների կարծիքը: Ինձ համար նույնպես ցավալի և տհաճ էր այդ ամենը:
Ես ու ամուսինս հանրակացարանում սենյակ վարձեցինք, և դա այն պարագայում, երբ ամուսնուս ծնողների տունը 4 սենյականոց է, և նրանք էլ միայնակ են ապրում:
Չնայած բոլոր դժվարություններին՝ մենք կարողանում էինք ապրել և ուրախանալ, վայելել կյանքն ու միմյանց ներկայությունը: Հատկապես այն ժամանակ, երբ ծնվեց մեր չքնաղ աղջիկը: Ես հաճախ էի ասում Գևորգին, որ նա գրի կամ զանգի ծնողներին, հաշտվի նրանց հետ, ասի, որ երեխա է ունեցել, սակայն նա շատ խորն էր վիրավորված ծնողներից:

Անցավ 5 տարի: Այդ ընթացքում մենք բազմաթիվ լավ և վատ օրեր ապրեցինք: Մի օր ամուսինս եկավ տուն և ինչ-որ թղթիկ թափահարելով՝ ուրախ ասաց.
-Սիրելիս, հանրակացարանի սենյակը պիտի ազատենք:
Ես չեմ հասկանում, թե նա ինչի համար է այդքան ուրախ, չէ որ մենք գնալու տեղ չունենք:
—Մեզ 1 սենյականոց բնակարան են տվել, ինձ տարվա լավագույն աշխատող են ճանաչել…պատկերացնու՞մ ես: Մենք արդեն տուն ունենք:
Ես ուրախությունից թռչկոտում էի: Շուտով մենք տեղափոխվեցինք փոքրիկ, բայց այնքան ջերմ ու հարմարավետ ՄԵՐ բնակարանը:
Ես ամուսնուցս թաքուն նրա ծնողներին նամակ գրեցի: Պատմեցի մեր նորությունների մասին, գրեցի հասցեն և հրավիրեցի մեր տուն:
Հաջորդ օրը ես առավոտից երեկո տարբեր ուտեստներ էի պատրաստում, որ շատ լավ դիմավորեմ ամուսնուս ծնողներին: Պիտի երեկոյան աշխատանքից գար ամուսինս, և մենք միասին գնայինք կայարան՝ նրանց դիմավորելու:
Երբ տվեցին դռան զանգը, վազեցի, ակնկալելով, որ տեսնելու եմ ամուսնուս, սակայն այնտեղ կանգնած էին երկու տղամարդ՝ ամուսնուս աշխատավայրից երկու ընկեր:
—Ներեցեք անհանգստացնելու համար: Այսօր վերելակը պոկվել է, Գևորգն էլ եղել է մեջը: Ընդունեք մեր ցավակցությունը. նա մահացել է:
Դրանից հետո էլ ոչինչ չեմ հիշում: Միայն հիշում եմ, որ մի քանի ժամ անց եկան սկեսուրս և սկեսրայրս: Ամուսնուս մայրը ցավից գոռում էր…Իսկ ես նրանց մեղադրեցի, որ նրանց պատճառով մեր կյանքը չդասավորվեց: Եթե ծնողները նրան տնից դուրս չհանեին, Գևորգը կավարտեր համալսարանը և երբեք շինարարությամբ չէր զբաղվի, իսկ այդ օրն էլ չէր մահանա…
Ես չգիտեմ, թե ինչպես ողջ մնացի, ինչպես հաղթահարեցի կորստի ցավը: Հավանաբար, օգնեց աղջիկս, ում աչքերը ինձ երբեք թույլ չեն տա մոռանալ ամուսնուս մասին…