Արմեն Սարգսյանը կանխել է սադրանքը. տանդեմը թիրախում

Արմեն Սարգսյանը արտաքին քաղաքական հարցերով զբաղվում է ըստ անհրաժեշտության, վարչապետի հետ քննարկումների արդյունքում: Այդ մասին ասվում էր նախօրեին նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ, որն անդրադարձ էր մամուլի հրապարակումներին, թե նախագահ Սարգսյանը պետք է միջամտի ՀԱՊԿ շուրջ ստեղծված իրավիճակին: Նախագահի նստավայրը հիշեցրել էր, որ ըստ Սահմանադրության՝ արտաքին քաղաքականությունը վարչապետի եւ կառավարության իրավասությունն է, եւ ասել նաեւ, որ Արմեն Սարգսյանն իր փորձն ու արտաքին կապերը ներառում է այդ հարցերում, ըստ անհրաժեշտության եւ ըստ վարչապետի հետ քննարկումների:

Արմեն Սարգսյանն ադպիսով փաստացի կանխում է տեղեկատվական սադրանքը, որի ակնառու ռիսկ կարող են պարունակել գնահատականները, թե նախագահը պետք է միջամտի ՀԱՊԿ շուրջ ստեղծված իրավիճակին:

Այստեղ փաստորեն առաջանում է երկու հանգամանք: Նախ, փաստացի արձանագրվում է, թե ՀԱՊԿ շուրջ ստեղծված է Հայաստանի համար կորստաբեր վիճակ, եւ երկրորդ՝ որ այդ վիճակը շտկել վարչապետն անկարող է, եւ պետք է միջամտի նախագահը:

Այսինքն, բավական հստակ է տողատակը, որ բացի ՀԱՊԿ շուրջ ստեղծված վիճակում վարչապետին քննադատելուց՝ ինչով աշխուժորեն զբաղված են նախկին իշխանությանը հարող շրջանակները, կա նաեւ վարչապետ-նախագահ կոնֆլիկտ առաջացնելու միտում:

Արմեն Սարգսյանի արձագանքը փաստացի կոնֆլիկտ սադրելու ռիսկը չեզոքացնելն է:

Փաստացի, Սարգսյանը արձանագրում է, որ ՀԱՊԿ շուրջ ստեղծված վիճակը ամենեւին չի առաջացնում նախագահի միջամտության անհրաժեշտություն, միաժամանակ ցույց տալով, որ վարչապետը լիովին կառավարում է վիճակը եւ ամենեւին ոչ այնպես, որ առաջանա վարչապետ-նախագահ քննարկումների անհրաժեշտություն:

Նախագահ-վարչապետ տանդեմը Հայաստանում ուշագրավ հարաբերակցությամբ գործում է դեռեւս 2018 թվականի ապրիլի 21-ից, երբ դե յուրե այլ էր Նիկոլ Փաշինյանի կարգավիճակը եւ Արմեն Սարգսյանի կարգավիճակն էլ դե ֆակտո այլ էր:

Հետագայում տանդեմի գործակցությունը դարձավ շատ ավելի նվազ ակնառու, միաժամանակ նաեւ միտվեց բավականին խորքային, համակարգային խնդիրների՝ թե արտաքին քաղաքականության, թե Հայաստանի տնտեսության բովանդակային վերափոխման ուղղությամբ:

Տանդեմն անշուշտ բացարձակապես համարժեք չէ հայաստանյան նախորդ իշխանական համակարգում գոյություն ունեցած մի շարք տանդեմներին եւ իր ռազմավարական խորությամբ ու բնույթով բացարձակապես այլ որակի է, մոտիվացիոն բոլորովին այլ հենքով եւ միտվածության այլ հեռանկարներով:

Անշուշտ, իշխանության համակարգը կառուցված է ոչ թե զգայական ընկալումների, այլ շահերի եւ նաեւ մրցակցության տրամաբանության վրա: Բայց այստեղ է նաեւ, որ առկա է տանդեմը՝ այսինքն կառուցված է առնվազն միջնաժամկետ ընդհանուր շահի սկզբունքով, որքան էլ որ անկասկած է նաեւ այն, որ տանդեմի մասնակիցները կարող են դիտարկել նաեւ ավելի հեռվում հնարավոր մրցակցությունը: Բայց, միաժամանակ, այդ մրցակցությունն էլ հնարավոր դարձնելու համար նրանք ունեն ընդհանուր շահ՝ մրցակցային քաղաքականության մեխանիզմ եւ նոր համակարգ ձեւավորելու համար:

Եվ այս իմաստով, հենց այն, որ նրանք ավելի երարաժամկետ հեռանկարում կարող են լինել մրցակիցներ, հենց այդ հեռանկարը բերելու համար Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը մոտիվացված են գործել ընդհանուր դաշտում եւ ձեւավորել այդ հեռանկարը, քանի որ նրանք սկզբունքորեն միմյանց համար առավելագույն հարմար մրցակիցներն են քաղաքական գործընթացի արդիականացման տրամաբանության շրջանակում: Երկու գործիչների քաղաքական երկարակեցությունն ու անվտանգությունը գործնականում հենց տնտեսա-քաղաքական համակարգային արդիականացումն է, այդ թվում նաեւ դրա ոչ միայն ներքին, այլ արտաքին, անվտանգային ազդեցությամբ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ