Քոչարյանի կալանքի հարցով դատական նիստն ավարտվեց. հայտնի է որոշման հրապարակման օրը

Փաստաբանները սպասում են օբյեկտիվ որոշման։ Հայտնի է որոշման հրապարակման օրը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով դատաքննությունն ավարտվեց։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Առաջին ատյանի դատարանի կողմից ընտրված խափանման միջոց կալանավորման որոշման դեմ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 7–ին, ժամը 16:00-ին:

«Բոլոր միջնորդությունները ներկայացված են, բոլոր ապացույցները ներկայացված են, ինչ հարց ունեինք քննարկելու, բոլորը քննարկված են, մնում է սպասենք դատարանի օբյեկտիվ որոշմանը»,– նիստի ավարտին լրագրողներին ասաց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Փաստաբանը չի բացառել, որ դեկտեմբերի 7-ին դատարանը երկրորդ նախագահին կալանավորելու որոշում կկայացնի։

Հիշեցնենք` նոյեմբերի 27-ից Վերաքննիչ դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու պաշտպանների բողոքը։

Ավելի վաղ Վճռաբեկ դատարանը նույն հիմքով բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության։

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Աղբյուր՝ Անկախ նորություն

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ