Մոսկվայում մեր ընտրությունների արդյունքներին սրտատրոփ չեն սպասում․ կարևորը, որ Փաշինյանը լինի կանխատեսելի

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո փոփոխություններ կլինեն ոչ միայն Հայաստանի ներքին, այլ նաև արտաքին քաղաքական կյանքում։ Եթե մինչև ընտրությունները իշխանությունները իրենց որոշ քայլերում զգուշավոր էին, գուցե նաև արտաքին աշխարհի կողմից ոչ ամբողջությամբ ընկալելի, ապա ընտրություններից հետո իշխանությունները կստանան ամբողջական լեգիտիմություն որոշումների և քայլերի մեջ ավելի համարձակ լինելու համար։

Փորձագետների կարծիքով՝ մինչդեռ, հայ-ռուսական հարաբերություններում էական փոփոխություններ չեն լինի նաև ընտրություններից հետո։

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ հայ-ռուսական հարաբերությունները ընտրություններից հետո ավելի կկայունանան։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հակոբյանն ընդգծեց. «Հայ-ռուսական հարաբերությունները վերջին 6-7 ամսվա ընթացքում անցան ճանաչողական փուլ, որի ընթացքում առաջին դեմքերը փորձում էին հասկանալ մեկը մյուսին, հասկանալ, թե ինչի են ընդունակ և թե կողմերը որքանով են պայմանավորվածությունները հարգում, դրանք ինչքանով են ընդունակ կյանքի կոչել։ Նիկոլ Փաշինյանի վարչապետության այս կարճ ժամանակահատվածում ամենակարճ այցերը, հանդիպումները տեղի են ունեցել հենց Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ»։

Հակոբյանի խոսքերով՝ Մոսկվան Փաշինյանի համար առավելագույն պայմաններն է ստեղծել. «Շատ բացառիկ երևույթ է, երբ Ռուսաստանը թույլ է տալիս որևէ օտարերկրյա ղեկավարին իր երկրում հանրահավաք անել՝ հիշում եք Սոչիի միտինգը։ Համենայնդեպս, ես այդպիսի բան չեմ հիշում։

Կարծում եմ՝ Ռուսաստանն է իրողությունների հետ հաշվի նստում և երկրորդը՝ եթե նույնիսկ համարենք, որ Նիկոլ Փաշինյանը մինչև իշխանության գալը այլ դիրքորոշում ուներ, ապա իշխանության գալուց հետո նա դարձել է պարտադրված ռեալիստ՝ իրողություններից ու աշխարհաքաղաքական նպատակահարմարություններից ելնելով»։

Միևնույն ժամանակ, ըստ մեր զրուցակցի, այնպես չէ, որ Ռուսաստանում սրտատրոփ սպասում են, թե ինչ արդյունք է լինելու Հայաստանում ընտրություններից հետո. «Այնտեղի վերլուծաբանները և համապատասխան պետական մարմինները շատ հստակ հասկանում են ու Պուտինի սեղանին դնում են այս ընտրությունների ռեալ հեռանկարներ․իրենք գիտեն, որ որևէ խնդիր չկա, Նիկոլը նորից դառնալու է վարչապետ և իր քաղաքական ուժը պատկառելի ներկայություն է ունենալու խորհրդարանում։ Այդ տեսակետից իրենց ավելի շատ հետաքրքրում է հայաստանյան քաղաքական դաշտի գուցե նոր դասավորվածությունը։ Իրենց փորձագետներն էլ հեռուստակամուրջների ընթացքում հաճախ բարձրացնում են հարցը՝ արդյոք այս ընտրություններին մասնակցում են ռուսամետ քաղաքական ուժեր, այսինքն՝ իրենք ուզում են հստակ հենարաններ ունենալ։ Կարծում եմ՝ իրենց ավելի շատ մտահոգում է Հայաստանում հանրային տրամադրությունների տրանսֆորմացիան, պրոռուսականության որոշակի անկումը։ Իրենց մտահոգում, իրենց համար մարտահրավեր է, թե ինչ գործիքակազմով կարելի է աշխատել, որովհետև ավանդական գործիքակազմը չի աշխատում։

Համենայնդեպս, աշխարհաքաղաքական առումով լուրջ ռևերսներ դժվար թե լինեն, իրենց ամենաշատը հետաքրքրում է, որպեսզի Հայաստանի իշխանությունն ու առաջին դեմքը լինի կանխատեսելի ու պայմանավորվածությունները պահի»։

Փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ հայ-ռուսական հարաբերությունները պետք է դիտարկել Հայաստանի արտաքին քաղաքականության մի առանձին բաղադրիչ։ «Ինչպես տեսնում եք՝ Հայաստանի վարչապետը՝ բացառությամբ ՌԴ նախագահի հետ, որևէ այլ պաշտոնյայի հետ չի շփվում և աշխատում է այդ ուղղուց չշեղվել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Բադալյանը հիշեցնում է՝ անցած տարի այս օրերին բավականին մեծ ոգևորություն կար Հայաստան-Եվրամիություն կնքված համաձայնագրի հետ, իսկ այս տարի դա բացարձակ չի էլ հիշվում. «Կնքման մեկ ամյակն այնպես անցավ, որ բացի մեկ երկու լրատվական կայքից, ոչ ոք չհիշեց։ Կարող ենք ասել, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շատ մեծ բաց կա Եվրամիության, Իրանի, Վրաստանի ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, արաբական աշխարհի հետ հարաբերությունների հետ կապված»։

Փորձագետն արձանագրում է՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը միակողմանի թեքված է դեպի Ռուսաստան. «Եվ դա միայն վարչապետի անձնական ցանկությունն է։ Բնականաբար, քանի որ դա ինստիտուցիոնալ արտաքին քաղաքականություն չէ, այլ ընդամենը անձնականի վրա հիմնված հարաբերություններ, այդ իսկ պատճառով կարող ենք ասել, որ հարաբերությունները նաև ընտրություններից հետո նույն տեմպով կշարունակվեն։ Այսինքն՝ այդ հարաբերությունները կունենան այն նույն մակարդակը, որն ունեն այսօր, իհարկե՝ մանր-մունր ինչ-որ խնդիրներով, այն էլ ոչ թե Ռուսաստանի, այլ Բելառուսի և Ղազախստանի հետ։ Բայց շատ հնարավոր է, որ խորհրդարանում հայտնվեն նաև «Լուսավոր Հայաստանն» ու «Սասնա ծռերը», բնականաբար, նրանք հայտնվելու դեպքում գուցե քննադատեն հայ-ռուսական հարաբերությունները և դա գուցե ինչ-որ ձևով ազդի այդ հարաբերությունների վրա՝ ոչ թե բացասական ուղղությամբ, այլ այդ հարաբերությունները դառնան ավելի ինստիտուցիոնալ, կամ մի քիչ խորհրդարանում բարձրանա արևմտյան ուղղվածության կողմնորոշումը»։

Մեր այն հարցին՝ արդյոք ընտրություններից հետո Փաշինյանի ստացած բացարձակ լեգիտիմությունը թույլ կտա Մոսկվայի հետ այլ տոնով խոսել, Արմեն Բադալյանը պատասխանեց. «Այդ հարցը արհեստական է մտել լրատվական դաշտ ու կեղծ հիմնավորումներ ստացել։ Աշխարհի ոչ մի երկրում ռեալ պոլիտիկի տեսանկյունից որևիցե մեկին հետաքրքիր չէ՝ դու լեգիտիմ ես, թե ոչ։ Ասում են, որ Սերժ Սարգսյանը լեգիտիմ չէր՝ չի կարողանում հավասարը հավասարի հետ խոսել, հիմա Փաշինյանը կկարողանա… Բայց, ըստ իս՝ դա բացարձակ կապ չունի։ Յանուկովիչն էլ էր լեգիտիմ նախագահ համարվում։ Քո հետ հաշվի են նստում, եթե դու ուժեղ ես, լեգիտիմությունն արտաքին քաղաքականության հետ կապ չունի»։

Աղբյուր՝ Առաջին Լրատվական

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ