Մի նամակի պատմություն կամ ի՞նչ է խնդրել Լևոն Երանոսյանը՝ դիմելով Փաշինյանին

 

Տարիներ առաջ, երբ Ավետիք Բուդաղյանի աղմկահարույց սպանությունից հետո հրաժարական տված Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ամիսներ անց նորից նշանակվեց նույն պաշտոնում, այն ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ սարկազմով դիմեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին։

Պատգամավոր Փաշինյանը ԱԺ-ում ընթերցեց Սուրիկ Խաչատրյանի կենսագրությունը և խնդրեց, որպեսզի նրան նախարարի կամ փոխնախարարի պաշտոն տրվի։ Հիմա, երբ Փաշինյանը վարչապետ է, և նախկին իշխանության ձեռքին ժողովրդի դեմ մահակ աշխատած Հունան Պողոսյանը նշանակվեց նույն Սյունիքի մարզպետ` մեր խմբագրությունը ստացել է մի նամակ, որով 60-ականներին ծնված քաղաքացին աշխատանք է խնդրում վարչապետ Փաշինյանից։ Մեզ դիմած քաղաքացին նախկին զինվորական է, 2003 թվականին Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի ռազմական բարձրագույն ակադեմիական կուրսերը՝ ստանալով «Պետության ռազմական անվտանգության» մասնագետի որակավորում է ստացել։ Մեզ դիմած քաղաքացին ոստիկանությունում կարևորագույն պաշտոն է զբաղեցրել։ Իր պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ անգամներ ճնշել է բողոքի դուրս եկած քաղաքացիներին։ 2016 թվականին, Հունան Պողոսյանի հետ միասին, ոստիկանության ներքին զորքերի օգնությամբ բռնություն է կիրառել խաղաղ ցուցարարների դեմ, որի արդյունքում եղել են բազմաթիվ վիրավորներ, իսկ քաղաքացիներից մեկը կորցրել է աչքը։ Վարչապետից աշխատանք խնդրող քաղաքացին, ինչպես Հունան Պողոսյանը, ստացած աշխատավարձից տասանյակ անգամ ավել կարողություն է կուտակել։

Մեզ դիմած քաղաքացին պատրաստ է իր հետ աշխատանքի տանել իր եղբորը, որը մասնագիտացած է քաղաքացիների վրա նռնակներ նետելու մեջ։ Քաղաքացի Լևոն Երանոսյանը վարչապետ Փաշինյանից խնդրում է նախարարի, փոխնախարարի, կամ, վատագույն դեպքում՝ մարզպետի պաշտոն։

Աղբյեւրը՝ politik.am 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ