Իսկական հրաշք․․․7 տարվա անպտղությունից կինը եռյակ երեխաներ է լույս աշխարհ բերել

եռյակ ծննդաբերություն

Աննա Վարդանյանը 26 տարեկան է, 7 տարի պայքարել է երեխա ունենալու համար։ Ի վերջո 7 տարվա անպտղությունից հետո հղիացել է եռյակով։ Հետաքրքիր է, որ նա հղիացել է առանց վերարտադրողական կողմնակի տեխնոլոգիաների, ինչպես օրինակ էքստրակորպորալային բեղմնավորման (ԷԿՈ) օգտագործման։

Աննայի խոսքերով, երբ ուլտրաձայնային հետազոտության ժամանակ տեսել են, որ պտուղը մեկը չէ, այլ երեքը, ե՛ւ ինքը, ե՛ւ ամուսինը, ե՛ւ բժիշկը ծայրահեղ զարմացած եւ ցնցված են եղել։ Սակայն նրանք արագ հասկացել են, որ իրենց առջեւ բարդ ու պատասխանատու ուղի է։

Փոքրիկները՝ Ռոզին, Գայանեն եւ Գոռը, ծնվել են կեսարյան հատման միջոցով՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում։ Ծնվելու պահին նրանք կշռել են 1620, 2030 եւ 1800 գրամ։ Մի ամբողջ ամիս նրանք անցկացրել են նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, որտեղ նրանց խնամել են եւ պատրաստել են ինքնուրույն կյանքի։ Այսօր նորածիններն արդեն կշռում են 2580, 2540 եւ 2920 գրամ եւ վերջապես, դուրս են գրվում հիվանդանոցից ու տուն են գնում։

Կեսարյան հատումը կատարած մանկաբարձ-գինեկոլոգ Արեն Գյոզալյանը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց, որ բազմապտուղ հղիությունը միշտ ուղեկցվում է վտանգներով եւ խնդիրներով՝ եռյակը սովորաբար ծնվում է ժամկետից շուտ, եւ անհաս լինելու պատճառով նրանց մոտ ոչ քիչ խնդիրներ են լինում։ Որպեսզի առավելագույնս ձգեն երեխաների ծնունդը, Աննային մի ամբողջ ամիս պահել են հիվանդանոցում։ Սակայն հղիության 34-րդ ամսում ծննդաբերությունը սկսվել է, եւ ստիպված են եղել արտակարդ կեսարյան հատում կատարել։

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ