Ես որեւէ մեկին ոչ նախանձում եմ, ոչ նախատում, ոչ էլ անտեր-անտիրական դեն նետված մեկն եմ

Հայաստանի վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանը խոսել է այն մասին, թե ինչու արդեն երկար ժամանակ չի նկարահանվում գեղարվեստական ֆիլմերում:

Դերասանն ասել է՝  այնպիսի տպավորություն ունի, որ այժմ ֆիլմեր նկարահանում են ընկերներով, սիրողական մակարդակով, ամեն մեկը հրավիրում է իր ծանոթին. «Կարծես թե ֆիլմի ասելիքի հարցը մղվել է վերջին պլան: Ինձ ճիշտ հասկացեք՝ այնպես չէ, որ անտարբերության եմ մատնված:

Похожее изображение

Ես որեւէ մեկին ո՛չ նախանձում եմ, ո՛չ նախատում, ո՛չ էլ անտեր-անտիրական դեն նետված մեկն եմ: Պարզապես ոչ լուրջ մոտեցում եմ նկատում դաշտում: Ոմանք փող ունեն, ինչ-որ մարդկանց առաջ են մղում, ասում են՝ ումի՞ց ես պակաս, դերասանի սովորելը ո՞րն է: Բայց սա արհավիրք է: Այս է պատճառը, որ ժողովրդի մի մասին թվում է, թե դերասանները տգետ մարդիկ են, նրանց անգամ «դեռասան» են ասում… Եվ սա այն դեպքում, երբ մենք ունեցել ենք Փափազյան, Մկրտչյան, Աբրահամյան: Ամենավատն այն է, որ այդ նույն մտածելակերպը կարող է ունենալ նաեւ իշխանավորը, վերեւներում նստած մեկը»:

Պարոն Մովսիսյանը հիշեցրեց՝ նախկինում՝ խորհրդային տարիներին, մեր մեծերը նկարահանվել են հզոր ֆիլմերում՝ առանց նույնիսկ գումարի մասին մտածելու, իսկ հիմա իրենցից ոչինչ չներկայացնողները գալիս են ու առաջինը փողի հարցն են առաջ քաշում:

Բացի այդ՝ նրա համոզմամբ՝ կան ինչ-որ ուժեր, որոնք անընդհատ խանգարում են պրոֆեսիոնալների՝ ասպարեզում երեւալուն. «Չեմ կարող ասել, թե կոնկրետ ում մասին է խոսքը, բայց կան այդպիսի ուժեր: Որպեսզի նրանք ազդեցություն չունենան, պետք է պրոֆեսիոնալների նկատմամբ պետական մակարդակով հոգատարություն ցուցաբերվի: Շատ անփույթ են փորձառու, թատրոնում եւ կինոյում հետք թողած արտիստների նկատմամբ»,- եզրափակեց պարոն Մովսիսյանը:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ