Վարդգես Պետրոսյան. «Մարդկանց պիտի սիրել կենդանի ժամանակ, թե չէ` ու՞մ են պետք ծաղիկներն ու արցունքները»
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնմում սիրված գրող Վարդգես Պետրոսյանի մտքի գոհարները։ Յուրաքանչյուրն իրեն հոգեհարազատ բան է գտնում այս տողերում։ Մեծ գրողը սովորեցնում է սիրել մարդուն, գնահատել կյանքի ամեն վայրկյանը։
Մարդկանց պիտի սիրել կենդանի ժամանակ, նրանց կենդանի ժամանակ պիտի զգույշ լինել: Երբեք չես կարող ասել` այն մարդուն, որին այսօր տեսար, կհանդիպե՞ս նորից: Զգույշ պիտի լինել, թե չէ` ու՞մ են պետք ծաղիկներն ու արցունքները:
Մարդու հասակը տարիների գումար չէ միայն, այլ հայացք` աշխարհին, մարդկանց, պատրաստակամություն` ամեն ինչ մերժելու կամ ամեն ինչ ընդունելու:
Խմել և քնել – երկուսն էլ փախուստ են կյանքից: Երկրորդն ավելի էժան է նստում, դա է տարբերությունը:
Երաժշտությունը չի կիսում մարդու մենակությունը, ընդհակառակը, լրիվ է դարձնում, օգնում է, որ մարդ անջատվի աշխարհից, առանձնանա:
Ուժը փոխում է կնոջը, նրան դարձնում է ուրիշ:
Խոսել մարդիկ սովորում են մեկ-երկու տարում, իսկ մնացած տարիներին փորձում են լռել սովորել. կարգին մարդկանց չի հաջողվում…
Հազվադեպ է, երբ մարդ զգում է դիմացինի տխրությունը: Իսկ տխրությունը մատուցող չի, որ գա կամ գնա մատի շարժումով:
Սև ակնոցը ոչ թե արևից պաշտպանվելու համար է, այլ ծանոթներից:
Բոլորն էլ ուզում են այն, ինչ կորցրել են կամ չեն ունեցել: Ինչ որ ունեն կամ չեն կորցրել՝ ձանձրալի է:
Մեքենայում, փողոցում, աշխարհում մութ չէր: Երբեք մութ չի լինում: Մութը հնարել են մարդիկ: Մարդիկ` իրենց թուլությունը, հանցանքը, հայացքը, հազար ու մի բան թաքցնելու համար: Մութ չկա:
Եվ ժամանակը փոխում է ինձ մսե մոխրամանի: Ժամանակը մարդու սրտի, ուղեղի, հույսերի մեջ թափ է տալիս իր մոխիրը: Կամաց-կամաց: Կամ արագ:
Առհասարակ, ի՞նչ կարիք կա հավաքվելու, ի՞նչ կարիք կա քրքրելու անցյալի փեթակը. կարծում ես այնտեղից բզզալով դուրս կթռչե՞ն հուշերի մեղուները: Հազիվ թե: Համարյա ամեն ինչ մոռացվել է, մեղուների մեծ մասը պարզապես դեղին փոշու մի շերտ են փեթակի հատակին և թող հանգիստ մնան:
Երևի ամեն մարդ թանկ մեկին պիտի կորցնի, որ որոնի հետո ամբողջ կյանքում, քանի ապրում է: Հենց գտավ, ուրեմն, նա չի: Նրան չպիտի գտնես:
Խոսքով հեշտ է, խոսքով ամեն ինչ հեշտ է: