Այս 7 ամյա տղան վերածվում է ծառի՝ հազվագյուտ հիվանդության պատճառով

Բանգլադեշի շրջաններից մեկում ապրում է 7 ամյա Ռիպոն Սարքերը, ով տառապում է հազվագյուտ հիվանդությամբ. այն ստիպում է երեխայի մարմինը ծածկվել սարսափելի գորտնուկներով: Տհաճ գոյացությունները տղայի ձեռքերի և ոտքերի վրա ծառի կեղև են հիշեցնում, և շատերին կարող է թվալ, որ խեղճ երեխան ծառի է վերածվում:

Վաղ ժամանակներում համարվում էր, որ նման հիվանդությամբ մարդիկ ծառ են դառնում:

Երեխայի հիվանդությունը կոչվում է գորտնուկային էպիդերմոդիսպլազիա: Բժշկության համար դեռ գաղտնիք է, թե որն է այս հիվանդության առաջացման պատճառը և ինչպես կարելի է դրանից ազատվել՝ առանց վիրահատական միջամտության կամ այրող թթուների օգտագործման:

Առողջական վիճակի պատճառով Ռիպոնը չի կարողանում նորմալ քայլել և ձեռքերով որևէ մի բան անել, այդ թվում նաև գրել: Արդեն 2 տարի է, ինչ երեխան տանն է սովորում՝ ուսուցչուհու հանձնարարությունները բանավոր կատարելով: Ռիպոնը շատ է ուզում ազատվել հիվանդությունից, սպորտով զբաղվել և հասակակիցների պես դպրոց հաճախել:

Վերջերս Ռիպոնին առաջին անգամ հոսպիտալացրեցին: Ըստ բժիշկների՝ ծնողները պիտի երեխային բուժման տանեին ավելի շուտ, երբ գորտնուկներն այդքան շատ և խոշոր չէին:

Այնուամենայնիվ, բժիշկների տված դիագնոզը հուսադրող է: Նրանք մտադիր են վիրահատել երեխային՝ հեռացնելով բոլոր գոյացությունները և մատներն առանձնացնելով:

Վիրաբույժն ասում է, որ լիարժեք վերականգնվելու համար դեռ երկար ժամանակ անհրաժեշտ կլինի, սակայն կանխատեսվում է, որ հետագայում նա կկարողանա սովորական կյանքով ապրել:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ