charset="UTF-8"> Հայաստանից ուսանողների խումբը մշակում է հատուկ սարք, որը կօգնի կույրերին ավելի հեշտությամբ տեղաշարժվել

Հայաստանից ուսանողների խումբը մշակում է հատուկ սարք, որը կօգնի կույրերին ավելի հեշտությամբ տեղաշարժվել

Հայաստանից ուսանողների խումբը մշակում է հատուկ սարք, որը կօգնի կույրերին ավելի հեշտությամբ տեղաշարժվել: Սարքը տեղավորվում է ափի մեջ եւ տիրոջը տեղեկացնում է նրա ճանապարհին եղած ցանկացած խոչընդոտի մասին՝ օգնելով խուսափել բախումներից եւ վնասվածքներից։

 

Նման սարք ստեղծելու գաղափարը Վիկտոր Կարախանյանինն է, ով Հայաստանի պոլիտեխնիկական ազգային ինստիտուտի ուսանող է, եւ նրա ընկեր Հայկ Սաքոյանինը։ Հիմա նրանց են միացել եւս երեք հոգի, եւ միասին նրանք աշխատում են իրենց սարքի նախատիպը ստեղծելու ուղղությամբ՝ հույս ունենալով ստեղծել դրա ամբողջովին աշխատանքային տարբերակը, որը պատրաստ կլինի զանգվածային արտադրության համար։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Վիկտոր Կարախանյանն ասաց, որ սարքում ներկառուցված են հատուկ սենսորներ, որոնք ուլտրաձայնի օգնությամբ ճանաչում են առաջադրված հեռավորության վրա գտնվող օբյեկտները։ Սարքի հետագա գործողությունները կախված են օգտագործողի տեսողությունից եւ լսողությունից։ Եթե մարդն ամբողջովին կույր չէ եւ տարբերում է լույսը, սարքի վրա վառվում է կարմիր լույս, եթե ճանապարհին խոչընդոտ կա, եւ կանաչ՝ եթե ճանապարհն ազատ է։

Եթե օգտագործողն ընդհանրապես ոչինչ չի տեսնում, սարքը խոչընդոտների մասին նրան զգուշացնում է ձայնային ազդանշանների միջոցով։ Իսկ եթե նա չի տեսնում եւ չի լսում, սարքը վիբրացիայի միջոցով է տեղեկացնում։

Տղաները վստահ են, որ սարքը կարող է փոխարինել ձեռնափայտին, որի օգնությամբ շատ կույրեր փորձում են կողմնորոշվել, երբ ինչ-որ տեղ են գնում։

«Այս սարքի օգնությամբ կույր մարդիկ կարող են քայլել՝ չբախվելով ոչնչի եւ վնասվածքներ չստանալով», – նշեց Վիկտորը: – «Աշխարհում մոտ 300 միլիոն մարդ կա, որ տեսողական խնդիրներ ունի, եւ Հայաստանում էլ այդպիսի մարդիկ քիչ չեն։ Մեր սարքը կարող է հեշտացնել նրանց կյանքը, եւ նրանից օգտվելն ավելի հարմար է, քան ձեռնափայտից»։

Աշխարհում արդեն կան սարքեր, որոնք օգնում են կույրերին կողմնորոշվել, սակայն դրանք բավական թանկ են։ Վիկտորն ու նրա ընկերները ուզում են իրենց սարքը առավելագույնս էժան լինի, որ տեսողական խնդիրներ ունեցող յուրաքանչյուր մարդ կարողանա իրեն թույլ տալ օգտվել դրանից։

Տղաների հետագա ծրագրերն ավելի քան ամբիցիոզ են. ապագայում նրանք ուզում են ստեղծել նոր սարք, որը հագցնում են գլխին, եւ այն նեյրոնների միջոցով մարդուն շրջակա միջավայրի մասին տեղեկություն է տալիս։ Դրա մեջ պետք է նաեւ դեմքի դետեկտոր լինի, եւ սարքը կարողանա օգտագործողին, եթե անգամ նա կույր է եւ խուլ, հայտնել, որ նրա առջեւ այսինչ հեռավորությամբ այնինչ մարդն է կանգնած։

Վիկտորը, Հայկը եւ նրանց ընկերները այս հանգստյան օրերին մասնակցում են Startup Boost Weekend Vol3 միջոցառմանը, որի նպատակը Հայաստանում սթարթափների զարգացմանը նպաստելն է։ Միջոցառմանը մասնակցում են ավելի քան 120 ուսանողներ՝ երկրի 6 բուհերից։

Աղբյուր՝ News.am

Like this post? Please share to your friends: